2015 թ. մայիսի 8-ին կյանքից հեռացավ ՎերաՎոզնեսենսկայա-Օրբելյանը՝ անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերի մայրը: «Քաղցրիկը» (նրան այդպես էին կոչում ընտանիքի անդամները) 96 տարեկան էր:
Ուկրաինայում ծնված Վերան և նրա հայազգի ամուսին Հարին (ով կյանքից հեռացավ 2006 թ.) Ամերիկայի՝ թերևս ամենաուժեղ կողմի փայլուն օրինակներ են. Աշխատասեր ներգաղթյալ քաղաքացիները եկել էին ԱՄՆ և պայքարում էին՝ իրենց ու իրենց ընտանիքների համար ավելի լավ կյանք ստեղծելու համար:
Վերան և Հարին հաղթող դուրս եկան երկրորդ համաշխարհային պատերազմի երկրային դժոխքից ու Ամերիկա գալով՝ բնակություն հաստատեցին Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ էլ ամուսնացան 1952 թ:
Ամերիկյան երազանքին հասնելու հաջողված մոդելներ են հանդիսանում այդ ականավոր մասնագետները՝ Վերան՝Ուկրաինայում պատրաստված գինեկոլոգ-մանկաբարձը, և Հարին, ով չնայած համեստ մեկնարկին, վճռականորեն աշխատեց (Վերայով ոգեշնչված)՝ ի վերջո անշարժ գույքի մեծ պորտֆելի տեր դառնալով Սան- Ֆրանցիսկոյում: Սակայն զույգի ամենամեծ ձեռքբերումը, ինչպես Վերան է բազմիցս նշել, իրենց ընտանիքն է:
Ընտանիքում առավել նշանավոր հաջողության պատմությունն առայժմ պատկանում է Կոնստանտինին, ով սկսել է իր երաժշտական կարիերան որպես փայլուն դաշնակահար՝ նախքան 1991 թ. Մոսկվայի կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը: Լինելով առաջին ամերիկացին, ով երբևէ ղեկավարել է ռուսական խոշոր համույթը, նա Մոսկվայի կամերային նվագախմբի հետ շրջագայության մեկնեց ամբողջ Ռուսաստանով և աշխարհով մեկ: Նա նաև ղեկավարել է Ռուսաստանի այլ առաջատար նվագախմբեր և նրանց հետ ունեցել բազմաթիվ ձայնագրություններ ազգային հեռուստատեսություններում:
1998 թ. Դելոս ստուդիա գալուց հետո Կոնստանտինը հեղինակել է քննադատների կողմից ջերմորեն ընդունված մոտ 40 ձայնագրություններ, իսկ բոլորովին վերջերս ստանձնել է Լիտվայի Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Այդ համույթի հետ նա իր ամենահաջողված ձայնասկավառակներն է ձայնագրել՝ համագործակցելով այնպիսի համաշխարհային օպերային գերաստղերի հետ, ինչպիսիք են բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, բաս Իլդար Աբդրազակովը և տենոր Լորենս Բրաունլին՝ ի թիվս շատ ուրիշների:
Կոնստանտինը և նրա երկարամյա գործընկեր միջազգային օպերային գերաստղ Դմիտրի Խվորոստովսկին ծնողներին են ձոնել իրենց վերջին ստեղծագործական նախագծերից մեկը՝ «Սպասիր ինձ» վերնագրով: Ռուսական պատերազմական դասական երգերի այս հզոր զգացմունքային ձայնագրությունը գերազանց երաժշտության համընդհանուր հմայքի օրինակ է, որը պատմում է պատերազմական ժամանակ ծառայած աշխարհի ցանկացած զինվորի ամենախորը հոգեկան ապրումների մասին:
Անվերապահ սիրուց առավել ի՞նչ նվեր կարող է մայրը տալ իր երեխային: Եվ երեխայից առավել ի՞նչ ժառանգություն կարող է ցանկացած մայր թողնել աշխարհին: