
«Formula1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի մոտ կրկին դրական տեղաշարժ կա առողջական վիճակում: «Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ նրա (Շումախերի) առողջական վիճակը լավանում է: Եվ այս ամենն արձանագրվում է` հաշվի առնելով գլխուղեղի ծանր վնասվածքը: Սակայն ամբողջական վերականգնումը շատ երկար կտևի»,«Արմենպրես»ի հաղորդմամբ, նման հայտարարություն արել է Շումախերի մենեջեր Սաբինե Կելը:
Դեռևս 2013 թվականի վերջին Շումախերն ստացել է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։ Երկարատև բուժումը քիչ-քիչ տալիս է իր արդյունքները, սակայն Շումախերների ընտանիքն ամսական 100 հազար ֆունտ է ծախսում ավտոարշավորդի բուժումն ապահովելու համար: