ՉԿԱ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԿԼԻՆԻ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի մեջ եղել են մարզպետը, նրա օգնականը եւ վարորդը, ոչ ոք չի տուժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնչել է 20-25 կրակոց: Հիմնական կրակոցներն ուղղված են եղել ավտոմեքենայի անիվներին եւ թափքին: Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանից Գորիս գնալիս է եղել, երբ 30-րդ կիլոմետրի ոլորաններում դարանակալած անձինք կրակ են բացել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցները տեւել են մոտ 10 րոպե: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր մեքենայի վրա կրակոցներին, կատակեց, թե երեւի «ծիտ էին որսում»: Մարզպետը հաստատեց, որ մոտ 20 կրակոց է արձակվել, սակայն նա այն չկապեց վերջերս իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ: Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան՝ կրակողները Սուրիկ Խաչատրյանին սպանելու ցանկություն չեն ունեցել, նրանք ընդամենը նախազգուշացրել են: Եթե իրոք այդպես է, ապա ստացվում է, որ մենք հերթական անգամ նույն երեւույթի հետ գործ ունենք՝ որտեղ չի գործում արդարադատությունը, այնտեղ վաղ թե ուշ սկսում է գործել ինքնադատաստանը: Մյուս կողմից՝ չի կարելի բացառել նաեւ այն տարբերակը, որ սա հայկական իրականությունից հայտնի մեկ այլ երեւույթի` շատ զգույշ ինքնակրակվելու տարբերակ է: Անկախ նրանից, թե այդ տարբերակներից որ մեկի հետ գործ ունենք, ամեն դեպքում, փաստն այն է, որ Սյունիքում կամաց-կամաց իրավիճակը վերահսկողության տակից դուրս է գալիս, եւ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա հետո կարող է ուշ լինել:

 

 

 

 

 

 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Ռիգայում Ադրբեջանը կներկայացնեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ժողովուրդ»-ի թղթակիցը Լատվիայի մայրաքաղաքից հայտնում է, որ, համենայնդեպս, երեկ երեկոյան գագաթնաժողովի կազմակերպիչներին պաշտոնապես հայտնել էին Էլմար Մամեդյարովի մասնակցության մասին: Նշենք, որ Ռիգայում չի լինելու նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կներկայացնի Վրաստանը: Իսկ, ահա, Ուկրաինան կներկայանա նախագահ Պյոտր Պորոշենկոյի մակարդակով: Եւ ուշագրավ է, որ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է մինչ գագաթնաժողովի ավարտը զրուցել որեւէ մեկի հետ: Ըստ ամենայնի, նա բազում չպարզված հարցեր ունի, որոնք հստակեցնելուց հետո միայն կկարողանա հրապարակային խոսք ասել:

 

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել, խոսքը մի քանի տասնյակ տոննայի մասին է: Մեր տեղեկություններով՝ այս գործով արդեն իսկ շուրջ 10 հոգու մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ կան ինչպես դիվիզիոնի, այնպես էլ զորամասի հրամանատարներ, զորամասի նյութական ապահովման բաժնի աշխատակիցներ, նույնիսկ համայնքի ղեկավար: Ի դեպ, այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության մի ստվար զանգվածը բանակին հատկացված միջոցների հաշվին անասելի մեծության հարստություն է կուտակել եւ կուտակում, վաղուց հանրահայտ փաստ է: Դրա համար բավարար է ուշադրություն դարձնել, թե այդ պաշտոնյաներն ինչ ավտոմեքենաներով են շրջում եւ ինչպիսի դղյակներ են կառուցում: Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ, այնուամենայնիվ, որոշել են ինչ-որ մարդկանց պատժել: Երբ մանրամասները բացահայտվեն, թերեւս, հասկանալի դառնա, թե որն է այս ամենի իրական պատճառը:

 

 

 

 

 
Երեկ ԱԺ-ում հերթական վարկային պայմանագրի քննարկման ժամանակ բավական ուշագրավ դեպք է արձանագրվել: Վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին տրամադրվելու է 3.5 մլն դոլար, խորհրդարանում ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Այս համաձայնագրի հետ կապված հարց տվողների եւ ելույթ ունեցողների դերում հանդես են եկել ՕԵԿ խմբակցության պատգամավորները: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք որոշել են Վաչե Տերտերյանի «քթից բերել»: Սակայն իրականում նրանց կռիվը ոչ թե Վաչե Տերտերյանի դեմ էր, այլ նրա ղեկավարի՝ իրենց նախկին կուսակից ԱԻՆՏԿ նախարար Արմեն Երիցյանի: Վերջինս հենց ՕԵԿ-ի կողմից նախարար դարձավ, իսկ երբ այդ կուսակցությունը որոշեց ընդդիմություն խաղալ, Երիցյանը չգնաց նրանց հետ եւ նախընտրեց մնալ նախարար: Այդ օրերից հետո սա առաջին դեպքն էր, երբ Արմեն Երիցյանի նախարարությունը նախագիծ էր բերել խորհրդարան, եւ ակնհայտ էր, որ ՕԵԿ-ականները որոշել էին առիթը բաց չթողնել:

 

 

 

 

 

ՄԻԱՅՆ ՆԵՐՍԻՑ

Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Ռիգա` մասնակցելու ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրումը: Իհարկե, Եվրամիության հետ համագործակցության շարունակությունն ու հետագա խորացումը շատ կարեւոր է մեր երկրի ապագայի համար, սակայն արդյոք այդ ամենն ինքնանպատակ չի լինի, եթե Հայաստանի ներսում շարունակվի ֆեոդալապետական բարքերի արմատավորումը, որոնք եվրոպական արժեհամակարգի հետ հեռավոր աղերս անգամ չունեն: Բավական է դիտարկել միայն վերջին օրերի իրադարձությունները` հասկանալու համար, որ Ռիգա մեկնող Սերժ Սարգսյանը կառուցել է իր ողջ էությամբ հակաեվրոպական եւ, առհասարակ, հակապետական մի համակարգ, որի հետ իրական (ոչ դեկլարատիվ) համագործակցությունը չի կարող բխել Եվրամիության շահերից:
Այսպես՝ մինչ երեկ Ռիգայում ընթանում էր Արեւելյան գործընկերության առաջին մեդիա խորհրդաժողովը, որի ընթացքում ծավալուն անդրադարձ եղավ նաեւ մեր երկրում մամուլի ազատության խնդրին, Աբովյանում անջատվեց իշխանությունների համար անցանկալի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին պատկանող կաբելային հեռուստատեսությունը: Մինչ ՀՀ իշխանությունները հաշվետվություններ են ներկայացնում ԵՄ հատկացրած միլիոնավոր դոլլարների դրամաշնորհներով դատաիրավական համակարգում իրականացված բարեփոխումների մասին, այդ նույն համակարգի անգործության արդյունքում Սյունիքում, փաստորեն, տեղ են գտնում ինքնադատաստանի դրսեւորումներ, եւ հնչում են նոր կրակոցներ` այս անգամ արդեն Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մինչ հավաստիացումներ են հնչեցվում Հայաստանում բիզնես միջավայրի` ԵՄ չափանիշներին համապատասխան ազատականացման մասին, սնանկացման հերթական կասկածահարույց գործընթացն է ծավալվում ՀՀ ամենաբարձր պաշտոնյաների անձնական հովանավորությունը վայելող «Գլենդել Հիլզ» ընկերության շուրջ: Սրանք միայն անցած երկու օրերին արձանագրված զարգացումներն են, որոնք, համաձայնեք, այդքան էլ համահունչ չեն Հայաստանը եվրոպական մոդելի պետություն դարձնելու` Սերժ Սարգսյանի տեսլականի հետ (ինչի մասին նա բազմիցս հայտարարել է ԵՄ ամբիոնից): Եվ ինչպես Ադրբեջանին ուղղած իր քննադատության ընթացքում նկատել էր Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, եվրոպացիները «հիմարներ չեն», նրանք ամեն ինչ շատ լավ տեսնում են, եւ եթե Սերժ Սարգսյանին չեն տալիս «անհարմար հարցեր», ապա միայն այն պատճառով, որ Հայաստանից, գոնե այս իշխանությունների օրոք, հույսները կտրել են:
Իսկ մենք էլ պետք է, ի վերջո, հույսներս կտրենք Եվրոպայից եւ հասկանանք, որ մեր փրկությունը ո՛չ Ռիգայում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Մոսկվայում: Այն Հայաստանի Հանրապետությունում է` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձեռքում:




Լրահոս