Ամսվա սկզբից ի վեր ՀՀ Արմավիրի մարզում աղիքային թունավորման երկրորդ դեպքն է գրանցվում: Առաջին թունավորումը գրանցվել էր նշված մարզի Ալաշկերտ գյուղում: Իսկ հիմա՝ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սանի մոտ արձանագրվել է աղիքային հիվանդություն:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից դեռեւս մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 11 երեխա: Բոլորի մոտ եղել էին նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն: Արդյունքում մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ մանկապարտեզը աղտոտված չի եղել: Նրա կարծիքով, երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա է եղել, որը տարածվել է շփման միջոցով: Գյուղապետի վարկածով` պատճառը կարող էր լինել թունավորված ցոգոլը:
Հիմա էլ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սաներ մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից եւ մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաեւ՝ խոհանոցից եւ խմբասենյակներից: Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ նույն մարզում մեկ ամսվա ընթացքում աղիքային թունավորման երկրորդ դեպքն է արձանագրվում: «Հետազոտությունները դեռ երեք օր պետք է շարունակվեն, եւ այս պահին որեւէ բան ասել չենք կարող: Ի դեպ, Ալաշկերտի հետազոտությունները նույնպես դեռ ավարտված չեն»,- տեղեկացրեց Թորոսյանը:
Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում իրենք հետաքրքրվել են եւ պարզել, որ Արմավիր քաղաքի մյուս մանկապարտեզներում խնդիրներ չկան. «Բայց ամեն դեպքում հսկողությունը շարունակվում է, եւ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են: Իսկ ՀՀ այլ մանկապարտեզներից նման ահազանգ չունենք»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ