Հայաստանում սահմանադրական փոփոխություններ սկսելուց հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունների հիմնական նպատակը կառավարման համակարգի փոփոխությունն է: Ուստի պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողովի մշակած «Հայեցակարգի» շուրջ հասարակական քննարկումներն առնչվում են գերազանցապես այդ հիմնահարցին: Ցավալիորեն այդօրինակ քննարկումները հանգում են խորհրդարանական կամ նախագահական համակարգերի պարզագույն բացատրություններին եւ, ըստ էության, դրանից առաջ չեն գնում՝ տեղ չթողնելով երկու համակարգերի առավելությունների ու թերությունների իրական քննարկման համար: «Հայեցակարգում», այդուամենայնիվ, փորձ է արվում մատնանշել ներկայումս Հայաստանում գոյություն ունեցող համակարգի բացթողումները:
Այդ փաստաթուղթը մասնավորապես հռչակում է. «Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ոչ միաժամանակյա ընտրությունների պարագայում առաջնային մանդատ ունեցող երկու ինստիտուտները հայտնվում են հանրային վստահության տարբեր մակարդակներում եւ խորհրդարանում Հանրապետության Նախագահին հարող մեծամասնության բացակայության պայմաններում ու իրավամտածողության ներկա դրսեւորումների համատեքստում էապես մեծանում է քաղաքական ճգնաժամի ու առճակատման վտանգը: Նման պայմաններում քաղաքական դիմակայությունը կարող է վերաճել հանրային առճակատման` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ»: Այս պնդումը, կարծում ենք, խիստ միակողմանի է եւ չի արտահայտում նշյալ ոլորտում առկա ո՛չ տեղական, ո՛չ էլ առավել եւս միջազգային փորձի իրական պատկերը:
Ըստ էության, բնավ պարտադիր չէ, որ նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենան միաժամանակ: Արձանագրելի է, որ նախագահական կառավարման համակարգով օժտված ժողովրդավարական երկրներում այդօրինակ ընտրությունների միաժամանակյա կիրառումը պարզապես հնարավոր չէ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրինակ, նախագահի ընտրությունը տեղի է ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ՝ նահանջ տարում: Իսկ ահա Կոնգրեսի ընտրությունները տեղի են ունենում մասնակիորեն, եւ յուրաքաչնյուր 2 տարին մեկ թարմացվում է ԱՄՆ-ի խորհրդարանի 1/3-ի կազմը: Ավելին՝ ԱՄՆ-ի պատմության մեջ առավել հաճախակի նախագահը եւ Կոնգրեսի մեծամասնությունը ներկայացրել են տարբեր կուսակցություններ: Արդյունքում, սակայն, սահմանադրական ճգնաժամի կամ առճակատման անվերահսկելի դրսեւորումների ականատես ենք լինում ծայրահեղ դեպքերում, այն էլ եթե հակամարտող կողմերը կորցնում են սթափությունը քաղաքական իրականության նկատմամբ: Ելնելով սահմանդրական փոփոխությունների «Հայեցակարգի» տրամաբանությունից՝ խորհրդարանն ու նախագահը պիտի մշտապես լինեն նույն քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինչով էլ «իսպառ» կբացառվեն բոլոր «բացասական հետեւանքները»: Այս փաստաթուղթը, փաստացիորեն, ծաղրուծանակի է ենթարկում «ժողովրդավարություն» հասկացությունը՝ կրելով ԽՍՀՄ «փառավոր» արժեհամակարգը, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է բացառապես Կոմունիստական կուսակցությանը, ինչի մասին կոնկրետ արձանագրում կար հենց ԽՍՀՄ սահմանադրության մեջ: Այս պարագայում հարկ է նոր սահմանադրության մեջ ամրագրել նույն կետը՝ ԽՄԿԿ-ի փոխարեն ոսկեղենիկ տառերով գրել ՀՀԿ, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:
Ինչ վերաբերում է վերոնշյալ պնդման եւ մեր իրականության հակադրության խնդրին, հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանում մինչ օրս նախագահի եւ խորհրդարանի մեծամասնության միջեւ հակադրություն, որպես այդպիսին, չի առաջացել քաղաքական հակառակ թեւերի պատկանելու պատճառով: Հիշենք, որ 1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես առաջ խորհրդարանը հաջողությամբ համարվում էր նաեւ նախագահի մեծամասնությունը, սակայն իրավիճակը փոխվեց մի գիշերում՝ այն էլ ոչ ամենեւին ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքական հակակշռի առաջացման, այլ պարզ պալատական հեղաշրջման շնորհիվ: Ավելին՝ 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո Քոչարյանը ու «Միասնություն» դաշինքը տարբեր քաղաքական ուժեր էին ներկայացնում, բայց այն չհանգեցրեց սահմանադրական ճգնաժամի եւ առավել եւս հանրային առճակատման: Դրանից հետո մինչ օրս բոլոր գումարման խորհրդարանները հանդես են եկել նախագահի կույրաղիքի կարգավիճակում, ինչը կտրականապես հերքում է առճակատման մասին կանխատեսումները: Ցանկացած համակարգ կարելի է անվանարկել, սակայն հարկ է ելնել տեղական առանձնահատկություններից: Ի վերջո, մի՞թե ներկայիս իրավիճակում հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ական մեծամասնության միջեւ քաղաքական առճակատում ստեղծվի՝ չհաշված այլմոլորակայինների «միջամտության» տարբերակը: Հենց ներկայիս «իրավամտածողությունից» ելնելով՝ ողջունելի է ցանկացած քաղաքական հակադրություն, քան թե ներկայիս ճահճային համերաշխությունը, որ փտեցնում է պետության՝ առանց այդ էլ խարխլված հիմքերը: Հայաստանում երբեւէ խորհրդարանի ու նախագահի միջեւ առճակատում չի եղել, եւ կարիք չկա պրիմիտիվ սպեկուլյացիաներով վատաբանել նախագահական համակարգը, ինչպես վարվել են «Հայեցակարգի» հեղինակները:
Հատկանշական է «Հայեցակարգի» հետեւյալ հավելումը. «Նման համակարգը, ըստ գործող Սահմանադրության, պարտադիր է դարձնում նաեւ երկու տարում երկու Կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունը, ինչը զգալի անկայունություն է մտցնում գործադիր իշխանության համակարգում, տնտեսական ոլորտում անորոշություն ու որոշակի անվստահություն ծնող պատճառ է դառնում»: Այստեղ էլ բռնաբարելով ժողովրդավարության հիմնադրույթները՝ հեղինակները ծուլացել են հայացք ձգել գոնե Հայաստանի փորձին: Նախագահական բոլոր ընտրություններից հետո, բացառությամբ նախագահի փոփոխության, Կառավարության ղեկավարները մնացել են նույնը՝ Հրանտ Բագրատյան (1996), Անդրանիկ Մարգարյան (2003), Տիգրան Սարգսյան (2013): Ակնհայտորեն, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Կառավարություն չի ձեւավորվել, իսկ նոր նախագահը նախընտրել է իր վարչապետին, ինչը լիովին օրինաչափ է նախագահական կառավարմամբ պետությունների համար: Վերջապես, կառավարությունների փոփոխությունն իրավաչափ է, եւ հասարակական զարգացման տրամաբանությամբ ընթացող այդ գործընթացն արհեստական խաթարելը պետության համար անպայման վատ հետեւանք կունենա:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՓՆԹԻ ԵՆ, ՎԵՐԱՀՍԿՈՂ ԷԼ ՉԿԱ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի խոհանոցի եւ խմբասենյակների մի շարք պարագաներից հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի ախտածին մանրէներ: Ավելին՝ պարզվում է, որ տվյալ մանկապարտեզում երեխաների սննդի կազմակերպման համար ներկայացվող հիգիենիկ պահանջներն ու սանիտարական նորմերն ուղեկցվել են կոպիտ խախտումներով: Եւ պարզվում է, որ նախարար Մուրադյանը, բացի ինչ-որ բան արձանագրելուց, այլ գործառույթ չունի:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի մի քանի տասնյակ սաներ աղիքային թունավորման ախտանիշով հայտնվեցին բուժհաստատություններում: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ տվյալ մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել էր մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ՝ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:
Սակայն Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի դեպքը պատկան կառույցների համար առիթ չհանդիսացավ, որպեսզի նրանք համապատասխան ստուգումներ իրականացնեն ՀՀ բոլոր մանկապարտեզներում՝ նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով: Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի դեպքին հաջորդեց Ալաշկերտինը, ապա՝ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզներինը:
Նշենք, որ մոտ օրերս աղիքային թունավորման ախտանիշներով Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 11 սաները հայտնվեցին բուժհաստատությունում: Սա հերթական անգամ ապացուցում է, որ պետական կառույցները շատ հաճախ անտեսում են գյուղերում գործող մանկապարտեզները եւ համապատասխան վերահսկողություն չեն իրականացնում՝ նմանատիպ երեւույթները կանխելու նպատակով: Ի դեպ, մանկապարտեզների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Խնդրի առչնությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից տեղեկացավ, որ այս տարվա պլանային ստուգումների ծրագրում ներառվել են բավականին շատ թվով մանկապարտեզներ: Նշենք, որ Ալաշկերտի մանկապարտեզը նույնպես եղել է ծրագրում, սակայն այնտեղ, մինչ արձանագրված թունավորման դեպքը, դեռ ստուգումներ չէր իրականացվել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մանկապարտեզներում արձանագրված թունավորման վերջին դեպքերը առիթ են դարձել, որ 2009-ից մինչ օրս մինչեւ 70 միլիոն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում ստուգումների արգելանքի ցանկից հանվեն նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունները: Այսինքն՝ առողջապահության նախարարությունն առաջարկում է վերացնել որոշ հիմնարկներում ստուգումներ անցկացնելու արգելքը, որպեսզի նման վարակների դեպքեր չգրանցվեն: Իսկ թե այս առաջարկն ինչ ճակատագիր կունենա, պարզ կդառնա առաջիկայում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ՈՒՉԱՍՏԿՈՎԻՅԻ» ԳՈՐԾ Է
2015թ. ապրիլի լույս 20-ի գիշերը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում, ճանապարհի եզրին գտնվող խանութից գողացել են 45 հազար դոլարի ավտոպահեստամասեր: Այդ խանութը թեեւ գրանցված է Դավիթ Ղալթախչյանի անունով, սակայն փաստացի պատկանում է Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանին:
Վերջինս «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գողացել են իր բազմանդամ` 18 հոգանոց ընտանիքի ապրուստը, իր եւ 3 տղաների տարիների վաստակը: Գողությունը կատարվել է գիշերվա ժամը 1-ից 4-ի սահմաններում: Հանցագործները գողոնը բարձել են «Ֆորդ» մակնիշի ինչ-որ ավտոմեքենա եւ տարել Աչաջուր: Գյուղապետն ասաց, որ հանցագործները գործել են շատ հաշվարկված, նրանք գողացել են միայն արտասահմանյան թանկարժեք ավտոպահեստամասերը, իսկ ոչ արժեքավոր ռետինե պահեստամասերը թողել են խանութում:
Գյուղապետի խոսքերով՝ գողությունից 3 օր անց խանութի աշխատող Արման Փիրումյանը այլայլված տեսքով մոտեցել է իրեն եւ խոստովանել, որ ինքը եւս մասնակցել է գողությանը: Նա նաեւ պատմել է, որ գողերը օրերով հետեւել են խանութին, գյուղապետի ընտանիքի անդամների տեղաշարժին: Ա. Փիրումյանը հայտնել է, որ խումբը բաղկացած է եղել 7 հոգուց, եւ որ իրեն վախեցրել են եւ ստիպել օժանդակել իրենց` միեւնույն ժամանակ խոստանալով գողոնից իրեն եւս փայաբաժին տալ: Ժորա Մարտիրոսյանի խոսքերով՝ Ա. Փիրումյանը ցույց է տվել, թե գողերն ինչպես են «հիդրավլիկ» մկրատով կտրել խանութի մետաղյա ճաղավանդակը:
Նա այդ մասին ցուցմունք է տվել նաեւ ոստիկանության Իջեւանի բաժնում: Արման Փիրումյանն իր հոր, հորեղբոր եւ գյուղապետի ներկայությամբ զանգահարել է գողության կազմակերպիչ աչաջրեցուն ու պահանջել գողոնի իր փայաբաժինը: Ավտոպահեստամասերի խանութում փորձաքննություն է կատարվել, վերցվել են գողերի ոտնահետքերի նմուշները: Ըստ Ազատամուտի գյուղապետի՝ Աչաջուրի կենտրոնում գտնվող խանութի տեսախցիկն արձանագրել է գողերի մեքենայի շարժը: Դեպքից անցել է մեկ ամիս, սակայն գործն այդպես էլ չի բացահայտվել, գողությունը կատարելու մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:
Ժ. Մարտիրոսյանն այս առնչությամբ նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ այս գործի նկատմամբ հսկողությունը դրված է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի վրա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ