ԻՆՉ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՎՊ-Ն ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը 2014 թվականին ստուգել է Արմավիրի մարզպետարանի գործունեությունը, ստուգվել են այդ կառույցի, ինչպես նաեւ համայնքների կողմից կնքված գործարքները, եւ այդ ամենի արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք խախտումներ:

Ի դեպ, Արմավիրի մարզը եղել է 2014 թվականին վերահսկիչ պալատի վերահսկողության միակ ուղղությունը: Ըստ ՎՊ-ի տարեկան հաշվետվության՝ ստուգման համար ընտրվել են առավել ռիսկային համայնքներն ու գործարքները: Մասնավորապես ստուգվել են Արգավանդ, Մյասնիկյան, Մայիսյան, Գետաշեն, Լեռնագոգ, Արմավիր (գյուղ), Փշատավան, Այգեվան, Երվանդաշատ, Քարակերտ, Նալբանդյան, Գեղակերտ, Դողս, Ջրարբի, Նոր Կեսարիա, Ակնալիճ, Ամբերդ, Հովտամեջ, Ծաղկալանջ եւ Գայ գյուղերը: ՎՊ ստուգումների արդյունքում հենց նշված գյուղերում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես, ունենալով հողի հարկի եւ գույքահարկի գծով հարկային ապառքներ՝ գյուղապետարանները հաշվի չեն առել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը եւ իրենց՝ 2013 թվականի բյուջեները պլանավորելիս հողի հարկի եւ գույքահարկի ապառքների կառուցվածքը չեն ներառել: Սա այն դեպքում, երբ վերը նշված գյուղերը 2013 թվականին ընդհանուր կուտակել են հողի հարկի գծով 46 մլն 673 հազար դրամի, իսկ գույքահարկի գծով` 18 մլն 663 հազար դրամի ապառքներ:
Բացի այս, պարզվում է՝ հողի հարկի եւ գույքահարկի բազաներից դուրս են մնացել առանձին կառույցներ: Օրինակ՝ Մայիսյան գյուղում 83.76 հա հողատարածքը եւ դրա վրա կառուցված շենք-շինությունները ընդհանրապես պետական գրանցում չեն ստացել ու արդյունքում չեն հարկվել: Թվով 10 հասարակական օբյեկտների գործառնական նշանակություն չի փոխվել: Դրանք նախկինում եղել են հիմնականում խանութներ, իսկ այժմ օգտագործվում են որպես բնակելի տարածքներ: Այդ տարածքների գործառնական նշանակությունը չփոխելու արդյունքում համապատասխան համայնքների բյուջեները զրկվել են գույքահարկից: Պարզվել է նաեւ, որ մի շարք հողօգտագործողներ եւս խախտել են իրենց պայմանագրային պարտավորությունները: Այս խնդրի հետ կապված ՎՊ-ի ստուգումների արդյունքում արձանագրվել է 23 մլն 649 հազար դրամի չվճարված հարկային պարտավորություններ:
Ըստ ՎՊ-ի՝ խախտվել են «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչի արդյունքում համայնքներում ընդհանուր չի գանձվել 2 մլն 139 հազար դրամ տեղական տուրք:
ՎՊ-ն Արմավիրի մարզում խնդիրներ է հայտնաբերել նաեւ աղբահանության գործընթացում: Ըստ հաշվետվության՝ խախտվել են «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ աղբը չի տեղադրվել օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրերում, իսկ աղբահանության վճարների դրույքաչափերը հաստատվել են օրենքի պահանջների խախտմամբ: Ավելին՝ մարզի առանձին գյուղերում ավագանու որոշմամբ սահմանված աղբահանության վարձավճարներից պակաս է հավաքագրվել 1 մլն 518 հազար դրամ:
Արգավանդ գյուղում ինքնակամ շինությունների չօրինականացման արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է 795 հազար դրամ լրացուցիչ եկամուտից: Ջրի վարձավճարների հավաքման մասով եւս ՎՊ-ն խնդիրներ է բացահայտել, ըստ այդմ, պարզվել է, որ համայնքային բյուջեներ չի գանձվել 11 մլն 92 հազար դրամ գումար:
«Ժողովուրդ»-ը զրուցեց վերը նշված համայնքներից մի քանիսի ղեկավարների հետ՝ պարզելու համար, թե արդյոք ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումներն այս ընթացքում վերացվե՞լ են, թե՞ ոչ:
Ասենք, Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հայտնաբերված խախտումներն իր պատճառով չեն եղել: «Մի տարածք կա, որն այսօր հիմնականում օրինական դաշտ մտած չէ, եւ այս պատճառով էլ գանձումները չեն կատարվել: Այդ տարածքը Մայիսյան գյուղի վարչական տարածքի մեջ է մտել դեռեւս 98 թվականից: Այդ տարածքում հողակտոր ունեցող մարդիկ մեկը մյուսին են վաճառել իրենց տարածքները, իսկ հիմա մարդ կա մահացած է, մարդ էլ կա՝ գյուղից հեռացել է, եւ այդպես էլ գանձումները չեն կատարվել: Հիմա ես նրանց որտեղի՞ց գտնեմ, բերեմ: Բայց մենք այս թեմայի շուրջ նամակ ենք ուղարկել վարչապետին եւ խնդրել, որպեսզի համապատասխան օրենք ընդունվի, որով հնարավոր կլինի այսօր փաստացի այդ հողակտորները մշակողներին տալ սեփականության իրավունք»,- ասաց Մայիսյանի գյուղապետը:
Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չվճարված հարկերն ամբողջությամբ դեռ չեն հավաքագրվել: «Այս տարվա ընթացքում կմարենք դրանք: Մարդիկ 2012 թվականին տեղացած ուժգին կարկուտից տուժել էին եւ վճարունակ չէին, դրա համար էլ չկարողացան վճարել: Հո՞ խեղդելով չէ, մարդիկ պետք է ոտքի՞ կանգնեն, թե՞ չէ: Բայց պատկան մարմինների հետ ժամանակացույց ենք գծել, որով եւ պետք է կատարենք հավաքագրումները»,- ասաց Ռաֆիկ Մարգարյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ՏՈՒՆ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՆ

Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի 5-րդ շենքի բնակիչները կանգնած են շենքի փլուզման վտանգի, հետեւաբար նաեւ՝ գլխավերեւում ունեցած, թեկուզ խարխուլ տանիքից զրկվելու վտանգի առաջ: Ներկայումս անձրեւների ժամանակ, կտուր չունենալու պատճառով, նշված շենքն ամբողջությամբ ողողվում է անձրեւաջրերով:

Պաշտոնապես շենքը ճանաչվել է 3-րդ աստիճանի վթարայնության: Սակայն նույնիսկ անզեն աչքով երեւում է, որ գրեթե կտուր չունեցող ու կիսավեր շենքն ունի վթարայնության չորրորդ աստիճան եւ անհապաղ ենթակա է ամրացման, քանի որ հակառակ դեպքում ցանկացած պահի կարող է փլվել եւ դառնալ զոհերի պատճառ:
Ժամանակին շենքի մի մասում իրականացվել են ամրացման աշխատանքներ, սակայն նույնիսկ այս դեպքում համատարած խոնավությունը, նույնիսկ ամրացված հատվածում, իրեն զգացնել է տալիս: Շենքի ներքին կիսավեր վիճակն ու խոնավությունը հետզհետե քայքայում ու խարխլում են շենքը նաեւ արտաքինից, որը ի դեպ, ճարտարապետական արժեք է ներկայանցում եւ համարվում է Գյումրիի կոլորիտային շինություններից մեկը:
Առավել անմխիթար վիճակում են գտնվում շենքի երկրորդ մուտքի բնակարանները, որի բնակիչներին դեռեւս 10 տարի առաջ այն ժամանակվա քաղաքաշինության նախարարը, մարզպետը եւ Գյումրիի նախկին քաղաքապետը հորդորել են բնակարաններից դուրս գալ ու բնակվել վարձով, մինչեւ հարցի կարգավորումը: Սակայն տարիներն անցել են, ո՛չ խնդիրն է կարգավորվել, եւ ո՛չ էլ բոլոր բնակիչներն են իրենց բնակարաններից փախել: Իսկ այդ ընթացքում այս շենքի հարցը բազմիցս բարձրացվել է ինչպես Գյումրիում, այնպես էլ Երեւանում, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել: Վերը նշված բնակության համար վտանգավոր մուտքում մինչ օրս մեկ ընտանիք դեռ բնակվում է, քանի որ վերջիններս չունեն ո՛չ այլ բնակարան տեղափոխվելու եւ ո՛չ էլ բնակարան վարձելու հնարավորություն:
Բնակիչները դժգոհում են, քանի որ փաստացի բնակարան չունեն, բայց միեւնույն է՝ իրենց անօթեւանի կարգավիճակ էլ չի տրվել: Անօթեւանի կարգավիճակ ունենալու դեպքում գոնե հույս կունենային, որ ապագայում հնարավոր է բնակարան ստանան: Իսկ ներկայումս ապրում են առանց հույս ունենալու, որ մի օր իրենց խնդիրը կարող է լուծվել:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս