Ի՞ՆՉ ԿՏԱ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս թանգարաններն ու թանգարանային գործը կարգավորվում են որոշակի իրավակարգերով, ընթացակարգերով, սակայն չկա թանգարանների մասին օրենք: Օրերս հայտնի դարձավ, որ մշակվել եւ Կառավարության հավանությանն է արժանացել «Թանգարանների ու թանգարանային գործի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ-ին: «Ժողովուրդ»-ը Երեւանի թանգարանների տնօրենների հետ զրուցել է նման օրենք ունենալու անհրաժեշտության մասին՝ պարզելու համար, թե ինչ կտա այն թանգարաններին:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն, օրինակ, այն համոզման է, որ օրենքն անհրաժեշտություն է նախ հավաքածուների անձեռնմխելիությունը, թանգարաններին ամրացված շենքերի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ՝ թանգարանների սոցիալապես անապահով աշխատակիցների խնդիրները լուծելու առումով:
«Օրինակ` մայրաքաղաքում թանգարանների շենքերի դիրքը շատ գայթակղիչ է ոմանց համար, ուստի պետք է գործի հստակ օրենք, որպեսզի այն վերջնականապես հիասթափեցնի այդ շենքերի նկատմամբ ոտնձգությունների նկրտումներ ունեցողներին: Ինքս շատ կուզենայի, որ մենք ունենայինք օրենք, որն անձեռնմխելի կդարձներ նաեւ թանգարաններին ամրացված շենքերն ու շինությունները: Այդ օրենքը վաղուց պետք է լիներ»,-մեզ հետ զրույցում ասաց Կ. Վարդանյանը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ է վստահ, որ օրենքն անհրաժեշտություն է, առանց որի դժվար է աշխատել: Նրա կարծիքով` հարցի երկրորդ կողմն է` օրենքը կշրջանցվի, թե ոչ, բայց փաստ է, որ դրա բացակայության պայմաններում, ընդհանրապես, գործունեություն ծավալելն է դժվարանում:
Ն. Թուխիկյանի խոսքով` թանգարանների մասին օրենքը պետք է նախ` աշխատակիցների իրավունքների եւ պարտավորությունների կանոնակարգման եւ երկրորդ` թանգարանային հարստության անվտանգության ապահովման համար:
«Օրինակ` հիմա գոյություն ունի հայաստանյան թանգարանների ունեցվածքի շտեմարան, յուրաքանչյուր թանգարան եւս ունի իր շտեմարանը, որտեղ ամփոփված են նաեւ այն տեղեկությունները, որոնք չեն ներկայացվում այցելուներին: Կարծում եմ` պետությունը պարտադիր պետք է ունենա այդ շտեմարանը, իմանա` ինչ ունի եւ ինչ չունի: Չէ՞ որ ամեն բան չէ, որ պետք է ներկայացվի թանգարանի այցելուներին: Ուստի օրենքը պետք է կանոնակարգի, որ տեղեկատվությունը կարելի է ներկայացնել եւ, որը՝ ոչ: Սա անվտանգության առումով լուծման ենթակա թիվ մեկ խնդիրն է»,- ասաց Ն. Թուխիկյանը:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն այն համոզման է, որ ցանկացած օրենք, որը ճիշտ կգործի, անհրաժեշտ է օդ ու ջրի պես եւ միայն կնպաստի ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով` թանգարանների թիվ մեկ խնդիրն է` հասու լինել ցանկացած այցելուի: «Եթե հարցը դիտարկենք ֆիզիկական տեսանկյունից, ապա թանգարանը պետք է հասու լինի, օրինակ, հաշմանդամներին: Մեկ այլ տեսանկյունից կարեւոր է, որ թանգարանները հետաքրքրեն մարդկանց, օրինակ` երիտասարդներին: Պետք է մշակել օրենքներ, որոնք վերջիններիս կկապեն թանգարանների հետ»,- ասաց Լ. Հակոբյանը:
Տնօրենի խոսքով, եթե, օրինակ, թանգարանը գործում է բնակելի շենքում, եւ եթե այն պատմամշակութային արժեք է ներկայացնում, ապա պետք է ձեւակերպվեն հստակ օրենքներ, բնակիչների համար պետք է սահմանվեն կանոններ (օրինակ` լվացքը չփռել շենքի հենց առաջնամասում, չաղտոտել տարածքը եւ այլն):
Իսկ արդեն թանգարանի ներսում, Լ.Հակոբյանի պատկերացմամբ, պետք է գործեն հստակ օրենքներ, որոնց կենթարկվեն բոլոր այցելուները: «Երբեմն մարդիկ թանգարան են մտնում մեծ կապոցներով, պայուսակներով: Մենք, իհարկե, սաստում ենք նրանց, ոմանք լսում են, ոմանք` ոչ: Բայց այս պարագայում ցուցանմուշների անվտանգության խնդիրը կա»,- նկատեց նա:
Լ.Հակոբյանն առանձնացրեց նաեւ թանգարաններում արտակարգ իրավիճակների ժամանակ էվակուացիայի խնդիրը կարգավորելու հարցը: Նա նաեւ այն կարծիքին է, որ Հայաստանի մայրաքաղաքը պետք է ունենա ընդհանուր օրենքներ, որոնք ինչ-որ չափով կտարածվեն նաեւ թանգարանների վրա:

 

 

 

 

 

«ՇՈՈՒԻ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆ ԷՐ»

Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն անցավ եզրափակիչ: Մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին: «Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմաներով զրուցել է երգիչ Հայկոյի հետ, ով Հայաստանն այդ մրցույթում ներկայացրել է 2007-ին:

-Հայկո՛, վստահ ենք` հետեւել եք «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչին: Ի՞նչ տպավորություններ ունեք մրցույթից եւ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի ելույթից:
-Այո՛, անշուշտ, հետեւել եմ մրցույթին, ինձ շատ դուր եկավ եւ հուզեց Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինայի եւ Էստոնիայի ներկայացուցիչների ելույթները: Իհարկե, անչափ տպավորված եմ «Genealogy» խմբի ելույթից, կարծում եմ` շոուի առումով Հայաստանի ելույթն ամենագեղեցիկն էր:
-Եզրափակչում մթնոլորտն ու մրցակցությունն էլ ավելի է թեժանալու: Որպես «Եվրատեսիլ»-ի ուղին անցած մեկը` ի՞նչ եք կարծում` ի՞նչը կարող է օգնել մեր մասնակիցներին եւ ինչը` խանգարել:
-Այո՛, մրցակցությունն իսկապես թեժ է լինելու: Ես լսել եմ մի քանի երկրների երգեր, որոնք միանգամից հայտնվել են եզրափակչում, հավանել եմ, օրինակ, Իտալիայի ներկայացուցչի երգը: Ելնելով սեփական փորձից` կասեմ, որ «Եվրատեսիլ»-ի դահլիճն ահռելի է, այնտեղից փոխանցվող էներգիան` հսկայական, ուստի հարկ է լինում հաղթահարել հուզմունքը եւ մտածել միայն լավ ելույթի մասին:
-Հայերը հաճախ լուրջ չեն վերաբերվում «Եվրատեսիլ»-ին, սակայն պետք է խոստովանել, որ այս մրցույթը Հայաստանի պես փոքր երկրի համար երաժշտական մեծ իրադարձություն է եւ դրսեւորվելու լայն հարթակ…
-«Եվրատեսիլ»-ը ամենաշքեղ ու ճոխ երաժշտական մրցույթներից մեկն է, մեզ համար այն, իսկապես, մեծ երեւույթ է: Այո՛, Հայաստանը փոքր երկիր է եւ ապրում է այդ մրցույթով: Ուստի շատ կարեւոր է, որ «Եվրատեսիլ»-ում շատ ձայն հավաքենք, լավ տեղ գրավենք, ինչու ոչ, գոնե մեկ անգամ նաեւ հաղթենք: Ի վերջո, մեր երկրի իմիջը «Եվրատեսիլ»-ի միջոցով էլ կարելի է բարձրացնել: Եվրոպայում մեր մասնակիցները հնարավորություն են ստանում ամենատարբեր մամուլի ասուլիսների ընթացքում բազմաթիվ անգամներ խոսել Հայաստանի, մեր մշակույթի, Հայոց ցեղասպանության մասին, այնպես որ, այս մրցույթը կարող է որոշիչ դեր ունենալ, հետեւաբար, սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում եմ ակտիվ քվեարկել «Genealogy» խմբի օգտին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մայիսի 19-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 18 արվեստի դպրոցի անվանակոչման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը մասնակցել են ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցեւը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը, տեղի հայ համայնքի կառույցների ղեկավարներն ու մարզի արվեստասեր հասարակությունը:
Ի դեպ, երկու մարզերի միջեւ դեռեւս 2011-ին կնքված տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային բնագավառներում համագործակցության զարգացման շուրջ համաձայնագրի շրջանակներում 2014-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի թիվ 1 դպրոցն անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ի ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրներից Բելգիան, Ռուսաստանը եւ Էստոնիան առաջատարներն են iTunes-ի եվրոպական վարկանիշային աղյուսակներում: Մրցույթի առաջին կիսաեզրափակչից հետո iTunes վարկանիշային աղյուսակների գլխավոր տեղերում հայտնվել է այս եռյակը: Իսկ, ահա, ըստ Eurovision-2015 Tracker-ի` պատկերն այլ է. կրկին առաջատար է Բելգիան ներկայացնող Լոիկ Նոթեն` իր «Rhythm Inside» երգով, նրան հաջորդում են Շվեդիան, Իտալիան, Ավստրալիան: Իսկ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հայտնվել է միայն հայկական վարկանիշային աղյուսակում, ոչ առաջատար դիրքում:

 

ԲՈՒՌՆ ՍԻՐԱՎԵՊ
Սուպերմոդել Իրինա Շեյքի եւ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի բուռն սիրավերպը նոր ընթացք է ստանում: EOnline-ը որոշ տեղեկություններ է իմացել զույգին մոտ կանգնած աղբյուրից: «Այժմ Շեյքը եւ Կուպերն իրենց ազատ ժամանակն անցկացնում են միասին, չեն կարողանում հեռանալ իրարից: Բրեդլին համոզված է, որ Իրինան հրաշք կին է: Վերջինս էլ իր հերթին հիացած է Կուպերով եւ այն կարծիքին է, որ նա ոչ միայն տաղանդավոր դերասան, այլեւ պարզ ու հասարակ մարդ է: Նրանք երջանիկ են միասին»,- ասել է աղբյուրը:




Լրահոս