Այսօր Կոտայքի մարզի Բջնի գյուղում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Հուշակոթողի մտահղացման հեղինակը հաշմանդամ ազատամարտիկ Աղաբեկ Խաչատրյանն է: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար մեծ պատիվ է, և նման հուշակոթողներ պետք է շատ լինեն, որիրենց նահատակված ընկերների հիշատակը վառ պահեն: «Մանուկ սերունդը ամեն օր այս ճանապարհով քայլելուց պետք է տեսնի, հասկանա, որ ամեն մանուկ ապագա զինվոր է»,- ասաց ազատամարտիկը:
Հուշակոթողի կարմիր ժապավենը կտրեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գյուղի ազատամարտիկներին պարգևատրեց հուշամեդալներով և պատվոգրերով: «Այս հուշակոթողը խորհրդանշում է մեր ամբողջ պատմությունը, մեր սերունդների ամբողջականությունը: 2015 թվականը հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է: Մեր ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ մենք ապրել, արարել, տառապել ենք և իրավունք ունենք ազգերի կողքին արարել: Մայիսը մեր հաղթանակների ամիսն է»,- իր ողջույնի խոսքում ասաց նախարարը:
Նախարարը Համաշխարհային պատերազմի մասնակից 90-ամյա տատիկին ևս պարգևատրեց մեդալով և հրամայեց վերջինիս գրանցել դրամական օգնություն տրամադրելու համար: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ևս գյուղի ազատամարտիկներին պարգևատրեց ԵԿՄ մեդալներով: Այնուհետև Բջնիի գյուղապետ Արմեն Մաթևոսյանը Սեյրան Օհանյանին, մանվել Գրիգորյանին և Սուրիկ խաչատրյանին նվերներ հանձնեցին` ի նշան շնորհակալության:
Հուշակոթողի պաշտոնական բացումից հետո ներկաները գնացին «կերուխումի»: