Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մայիսի 24-26 կայցելի Մոսկվա, այս մասին այսօր հայտարարել են ՌԴ արտաքին գերատեսչությունից:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բանակցություններ կանցկացնեն:
«Մայիսի 25-ի բանակցությունների ընթացքում արտաքին գերատեսչության ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի կարևոր կետերը, այդ թվում նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ավելի քան 2 տասնամյակի ընթացում շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մտերմությունն ու ընդհանուր պատմությունը՝ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային նշանակություն ունի և դասվում է ՌԴ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին»,- հավելել են գերատեսչությունից: