Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց Ռաս ալ Խայմա էմիրության կառավարիչ շեյխ Սաուդ բին Սակր ալ Քասիմիի հետ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվեցին Հայաստանի հետ էմիրության տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ էմիրության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Փոխվարչապետն ընդգծեց Ռաս ալ Խայմայի կարեւոր դերը Հայաստան- ԱՄԷ համագործակցության մեջ եւ հույս հայտնեց, որ հետագա փոխշահավետ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:
Ռաս ալ Խայմայի կառավարիչը մասնավորապես անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին եւ դրանց ընդլայնման մտադրություններին: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ “Մաջիդ ալ Ֆուտտեյմ” ընկերության հետ իրենց համագործակցությունը` Երեւանի Ավան թաղամասում ներդրումային ծրագրի հետ կապված, նույնպես կնպաստի երկկողմ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
Զրուցակիցները կարեւորեցին փոխայցելությունների կազմակերպումը, որոնք լրացուցիչ խթան կհանդիսան կապերի ակտիվացման, փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման համար: Երկուստեք անհրաժեշտ համարվեց նաեւ գործարարների ուղիղ շփումների կազմակերպումը, որի համար լավ հնարավորություն կարող են լինել նաեւ երկու երկրների միջեւ կազմակերպվող գործարար համաժողովները:
Նշենք, որ Հայաստանի կառավարության եւ Ռաս ալ Խայմայի էմիրության միջեւ 2007թ. ստորագրվել է տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ փոխվարչապետն ավարտելով աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ` մեկնեց Իրաքի Հանրապետություն, որտեղ Ա. Գեւորգյանի համանախագահությամբ նոյեմբերի 7-ին տեղի կունենա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: