Թերությունները չվերացրած՝ ՀԷՑ-ը սակագինն է թանկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթվա հանգստյան օրերին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի բնակիչների մեծ մասը էլեկտրաէներգիա չի ունեցել: Ու սա առաջին դեպքը չէ: Նկատենք, որ նման իրավիճակ առկա է ոչ միայն Չարենցավանում, այլեւ ՀՀ շատ համայնքներում եւ քաղաքներում, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաք Երեւանում: Այս գործելաոճը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար, կարծես, ավանդույթ է դարձել:

«Ժողովուրդ»-ին ահազանգած Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչները տեղեկացրին, որ իրենք հանգստյան օրերին էլեկտրաէներգիա չեն ունեցել, ընդ որում, նախապես տեղյակ չեն էլ պահել այդ մասին: Նրանք ստիպված են եղել մեկ ամբողջ օր մնալ առանց էլէներգիայի: Ավելին՝ Չարենցավանի համար 2-րդ դպրոցում շաբաթ օրը պետք է միջոցառում տեղի ունենար, սակայն էլեկտրաէներգիա չլինելու պատճառով այն հետաձգվել է: Չարենցավանում էլէներգիայի անջատումների վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:

Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ, ով չհերքեց տեղեկությունը եւ ասաց. «Մի կաբելի հետ կապված խնդիր է եղել: Մենք Խանջյան փողոց ունենք, որտեղ ես ինքս տեսել եմ, թե ինչպես են ՀԷՑ-ի աշխատակիցները գործ անում այդտեղ: Իրենցից հետաքրքրվեցի, պարզվեց, որ այդ հատվածից սնուցվում է 2-րդ դպրոցն ու հարակից շենքերը: Բայց լուրջ բան չկար: Հակառակը՝ Չարենցավանում ամեն ինչ կարգին է, նման անջատումներ գրեթե չեն լինում»:

«Ժողովուրդ»-ը քաղաքապետ Շահգալդյանից հետաքրքրվեց՝ որպես Չարենցավանի բնակիչ ինչպես է վերաբերվում էլէներգիայի սակագնի բարձրացմանը: Հարցին ի պատասխան՝ Շահգալդյանն ասաց. «Բնականաբար դա բոլորիս գրպանին էլ հարվածելու է: Չարենցավանում կան ընտանիքներ, ովքեր սոցիալական ծանր պայմաններում են ապրում: Ճիշտ կլինի, երբ Ազգային ժողովում այս հարցը քննարկվի: Բայց այդ թանկացումը անպատճառ կազդի մեր բոլորի սոցիալական վիճակի վրա»:
Ի դեպ, ՀԷՑ-ից խոստացան պարզաբանել, թե ինչու է Չարենցավանը համարյա մեկ օր մնացել առանց էլէներգիայի, սակայն մեր հարցը մնաց անարձագանք: Հերթական անգամ փաստենք, որ ՀԷՑ-ը հաճախ է աչքի ընկնում իր անբարեխիղճ վարքագծով: Մինչդեռ քաղաքակիրթ այլ երկրներում նման ընկերությանն առնվազն կտուգանեն: Սակայն մեր երկրում գործող իշխանությունը նման երեւույթների առաջ մշտապես աչք է փակում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս