Հայաստանի Առմլիֆտինգի ֆեդերացիայի և Բազկամարտի երիտասարդական ասոցիացիան տարածել է մամուլի հաղորդագրություն այն մասին, որ սույն թվականի մայիսի 16-20-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած Աշխարհի Առմլիֆտինգի 5-րդ առաջնությանը հրավեր էր ստացել մասնակցելու նաև Հայաստանի Առմլիֆտինգի ֆեդերացիան: Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը ներկայացնում էր Էմիլ Ամիրշատյանը, որը 2012թ-ին Ուկրաինայի Յալտա քաղաքում տեղի ունեցած Առմլիֆտինգի Աշխարհի առաջնությունում, «Rolling Thunder» վարժությունում զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը` դառնալով աշխարհի չեմպիոն: 2013 և 2014 թվականներին լինելով զինվորական ծառայության մեջ Էմիլը հնարավորություն չուներ կրկին իր ուժերը փորձելու միջազգային մրցաշարերում: Սանկտ-Պետերբուրգում Էմիլը հանդես է եկել 70 կգ քաշային կարգում և մրցել 2 վարժություններում`«Apollon Axel» և «Rolling Thunder»:
«Apollon Axel» վարժությունում Էմիլը բարձրացնելով 147.5 կգ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Պրոցենկով Վսեվոլոդը` բարձրացնելով 155կգ: Իսկ «Rolling Thunder» վարժությունում Էմիլը բարձրացնելով 78 կգ զբաղեցրել է 1-ին հորիզոնականը` դառնալով աշխարհի չեմպիոն:
Այսպիսով Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունից վերադառնում է 1 ոսկյա և 1 արծաթյա մեդալներով: