Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նախատեսվող Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման շուրջ ակտիվ քննարկումների ալիք է բարձրացել: Հայտնի է, որ փակ ճարտարապետական մրցույթի հաղթող էր ճանաչվել ճարտարապետ Արտակ Ղուլյանի ներկայացրած նախագիծը: Եկեղեցին կառուցվելու է մոսկվաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ:
Ու թեեւ արդեն տեղի է ունեցել եկեղեցու հողօրհնեքի արարողությունը, սակայն քաղաքացիների զգալի մասը մնում է այն կարծիքին, որ Երեւանում նոր եկեղեցի կառուցելն ավելորդություն է, այն էլ նման մեծ չափերի: Շատերի կարծիքով` դրա փոխարեն կարելի էր պարզապես մատուռ կառուցել, փոխարենը ուշադրություն դարձնել մեր հին եկեղեցիների վիճակին:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, օրինակ, այն կարծիքին է, որ մեզ մոտ արդեն չափից շատ են նոր եկեղեցիները. «Բոլոր դարերի ընթացքում գերեզմանատներում եղել են մատուռներ, առավելագույնը կարող էին լինել փոքր չափի եկեղեցիներ. սա մեր գերեզմանատների 1700 տարվա մշակույթն է, կարելի էր օգտվել սեփական ազգի անցած ուղուց, «տեղավորվել» փոքր չափերի մեջ: Պանթեոնում տարվա մեջ հուղարկավորության արարողությունները կարելի է մատների վրա հաշվել, մնացած օրերին հաստատ այդ հսկայական երկնաքեր եկեղեցու կարիքը չի լինելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա:
Հուշարձանագետը նաեւ հիշեցրեց, որ մենք աշխարհին ներկայանում ենք մեր հին եկեղեցիների ճարտարապետությամբ, մինչդեռ «Դրանք թողնում ենք քայքայված, անվերջ նորերն ենք կառուցում: Մեկենասները կարծում են, թե միայն նոր եկեղեցի կառուցելով են անմահանալու»,-նկատեց հուշարձանագետը:
Ճարտարապետ Արտակ Ղուլյանն էլ մեզ հետ զորւյցում տեղեկացրեց, որ նախագիծը դեռեւս պետք է խմբագրվի. «Նախատեսված էր, որ եկեղեցին պետք է ունենա 62մ բարձրություն, բայց հիմա արդեն կլինի 57 մ, խմբագրումից հետո ընդգրկող տարածքը եւս փոքրացել է` դառնալով 1000 քմ-ից պակաս»,-նշեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե անգամ այդ փոփոխությունների դեպքում եկեղեցու չափերը դարձյալ շատ մեծ են` պանթեոնում կառուցելու համար, Ա. Ղուլյանը պատասխանեց. «Այո՛, արժի մեծ եկեղեցի նախագծել: Երբ որեւէ քրիստոնյա եվրոպական երկիր ենք գնում, առաջինը, որ աչքի են զարնում, քաղաքների գմբեթներն են: Իսկ Երեւանը չունի ո՛չ Ստամբուլի, ո՛չ Թիֆլիսի չափ եկեղեցիներ: Ժողովրդի մի հատված աթեիստ է, աղանդավոր, ուստի դեմ է եկեղեցիների կառուցմանը»:
Մենք նկատեցինք, որ ժողովրդի նույն այդ հատվածը անընդմեջ բարձրաձայնում է հին հայկական եկեղեցիները պահպանելու խնդրի մասին, ինչին ի պատասխան՝ Ա. Ղուլյանը նշեց. «Դե, ուրեմն այդ մարդիկ թող գան, գնանք փողոցում կանգնենք, մեկենասին ասենք՝ փող տո՛ւր, Սանահինը վերանորոգենք. լուրջ չի, էլի…Որեւէ մեկն իրավունք չունի մեկենասին ասել` ինչու եք եկեղեցի կառուցում: Ուզո՞ւմ եք հին եկեղեցիները վերականգնել, գնացե՛ք պետությունից, մշակույթի նախարարությունից պահանջե՛ք»:
Ճարտարապետն այս առիթով հավելեց, որ ինքը պրոֆեսիոնալ վերականգնող է եւ ժամանակին նպատակ է ունեցել վերականգնել Մուշի Սուրբ Սարգիս եկեղեցին. «Ես երազում էի այդ եկեղեցին տեսնել վերականգնված, անգամ չափագրումներ էի արել, հաշվել էի` վերականգնման համար կես միլիոն դոլար էր պետք, պայց պարզվեց` դա ոչ ոքի պետք չէր, ոչ մեկը մոտ չեկավ: Ես չեմ կարող ոչ ոքի մեղադրել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ա. Ղուլյանը նաեւ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Աբովյանում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետն է. «Աբովյանի եկեղեցին կառուցելու ժամանակ էլ ասում էին՝ դրա կարիքը չկա: Հիմա գնացեք այդ եկեղեցի, տեսեք` ասեղ գցելու տեղ կա՞»:
Ճարտարապետը կարծիք հայտնեց, որ, առհասարակ, նոր եկեղեցին հնին հակադրելը փարիսեցիություն է. «Իհարկե, շատ կարեւոր է հին եկեղեցիները պահպանելը, բայց եթե մեր նախնիներն անընդմեջ հակադրեին հինն ու նորը, մենք այսօր ոչինչ չէինք ունենա»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան