Հայաստանի դիվանագիտական դպրոցը մրցույթ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է “Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն” 2013թ.դասընթացի մասնակցության մրցույթ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N 121 որոշմամբ հաստատված “Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով” սահմանված որակավորում:
Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասընթացները վարում են ՀՀ ԱԳՆ բաձրաստիճան դիվանագետները եւ արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
Դասընթացը կմեկնարկի 2013թ. փետրվարին եւ կավարտվի 2013թ. դեկտեմբերին: Ուսումն անվճար է:
Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի ծանոթանալ եւ դիմումի ձեւը բեռնել դիվանագիտական դպրոցի կայքից`  http://www.diplomaticacademy .am/hy/ կամ http://www.diplomaticschool .am/hy/ հասցեներով:
Պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2013թ. հունվարին կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին:
Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների եւ պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:
Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր:
Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ նոյեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ, ՀՀ դիվանագիտական դպրոցում` Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երեւան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ. 10.00-13.00:
Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 (ներքին` 221) հեռախոսահամարով կամ h.israelian@mfa .am եւ h.israelian@diplomaticacademy .am  էլեկտրոնային հասցեներով:
 




Լրահոս