Սերժ Սարգսյանը «սադրանք» էր աչքի տակ ունեցել, երբ մի գիշերում ԵՄ-ից հայտնվեց ԵՏՄ-ի «պատշգամբում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան հիմնախնդիրներին առնչվող «Վիկիլիքսյան» փաստաթղթերից հերթականը պատմում է Սերժ Սարգսյանի եւ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի միջեւ 2008թ. սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպման մասին: Վերջինիս մասնակցել են նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, որն էլ հեղինակել է զրույցի մանրամասները փոխանցող սույն զեկուցագիրը:

Դիվանագիտական ընթրիքի քննարկման տիրույթում եղել են բազում հիմնահարցեր, որոնցից ստորեւ կառանձնացնենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ռուս-վրացական պատերազմը: Փաստաթղթից ակնհայտ է դառնում, թե ինչպիսի բարձր տրամադրության մեջ է եղել Սերժ Սարգսյանը հայ-թուրքական «ֆուտբոլային» իր ձեռնարկի գագաթնակետին: Ուշագրավ են նաեւ նրա՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլի հասցեին հնչեցրած անփույթ եւ իր պաշտոնին անվայել ձեւակերպումները:

Զրույցի սկզբում Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ Աբդուլլահ Գյուլի՝ սեպտեմբերի 6-ի այցը բարեհաջող է անցել: Նա Գյուլին որակել է քաղաքականապես քաջ՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Բրայզային ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության համար: Սերժ Սարգսյանն արտահայտել է իր գոհունակությունը Շվեյցարիայի Բեռն քաղաքում ընթացող բանակցություններից՝ հայտնելով, որ հայկական կողմի նոր առաջարկներին Թուրքիայի ԱԳ (այժմ՝ նախկին) նախարար Բաբաջանը նախնական համաձայնություն է տվել: Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն իսկ օգուտներ ունի հարաբերությունների բարելավման գործընթացից՝ նկատի ունենալով Հայաստանից Թուրքիային տարեկան 1,5 միլիարդ կիլովատտ (մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ) էլեկտրաէներգիայի վաճառքի շուրջ կայացած համաձայնությունը: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ցուցադրել է իր բարձր տրամադրությունը, եւ այնպիսի տպավորություն է, թե տվյալ պահին նա արդեն իսկ վերջնական էր համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Նման պահվածքն անտարակույս բնորոշ է դիվանագիտական հմտությունից զուրկ գործչին, որն առանց բավարար հաշվենկատության մտել էր աշխարհաքաղաքական բարդագույն խաղի մեջ:

Շարունակելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման՝ Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ վերանորոգել են Թուրքիայի հետ սահմանային ճանապարհը: Հիշեցնենք, որ այդ շրջանում իշխանական աղբյուրներից տարբեր ապատեղեկատվություններ էին նետվում, թե իբր ճանապարհի վերանորոգումն արդեն իսկ հուշում է սահմանի մոտալուտ բացման մասին: Այսօր վստահորեն կարող ենք պնդել, որ տվյալ ճանապարհահատվածի վերանորոգումը կա՛մ իշխանության կողմից պարզագույն բլեֆ էր, կա՛մ էլ «երազում կորեկ տեսնելու» աստիճանի միամտություն: Նկատենք, որ Սերժ Սարգսյանը ամերիկացիների առաջ նաեւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում փոխել կառավարության կազմը, եթե այդպես պահանջի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ըստ երեւույթին, նա նկատի է ունեցել ՀՅԴ-ին ու քոչարյանական տարրերին, որոնցից պատրաստ էր իրեն հարմար պահին ազատվել արտաքին լեգիտիմության ձեռքբերման գնով:

Բրայզա-Սարգսյան հանդիպման ընթացքում չի շրջանցվել նաեւ տվյալ ժամանակափուլում հրատապ համարվող ռուս-վրացական պատերազմի թեման: Ամերիկացի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի՝ պատերազմողի կերպարում հանդես գալը Հարավային Կովկասում փոխում է իրերի դրությունը, ինչի արդյունքում էլ սառեցված հակամարտությունները կարող են տարածաշրջանի վրա ազդող պատերազմների փոխակերպվել: Սերժ Սարգսյանն ընդհանուր առմամբ համաձայնել է Բրայզայի՝ Ռուսաստանի քայլերին տրված գնահատականներին, սակայն նշել է, որ Վրաստանի (այժմ՝ նախկին) նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հիմար սխալ է թույլ տվել եւ Ռուսաստանին այլ ելք չի թողել, քան հարձակվել Վրաստանի վրա: Հակադրվելով՝ Բրայզան կարեւորել է Օսեթիայի ռազմուժի ռուսական հրամանատարություն ունենալու հանգամանքը, ինչն էլ մեծ նշանակություն է ունեցել պատերազմի սանձազերծման մեջ:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը չի փորձել վիճարկել ռուսական սադրանքի մասին անուղղակի պնդումը, դեռ ավելին՝ նկատել է, որ Ռուսաստանի դերակատարությունը շատ պարզ էր: Ի դեպ, Սարգսյանի պնդմամբ, ինքը բազում անգամներ Սաակաշվիլիին խորհուրդ է տվել զգույշ լինել եւ չտրվել սադրանքներին: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը «իդիոտային» է որակել Սաակաշվիլիի՝ Ռուսաստանի հետ թակարդում հայտնվելը: Հավելենք, որ Սարգսյանը հասցրել է նաեւ բողոքել վրացական իշխանությունների պահվածքից: Մասնավորապես նա նշել է, որ Սաակաշվիլին 3 օր չի արձագանքել իր զանգին, իսկ Վրաստանի ԱԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում եղած ժամանակ հրաժարվել է հանդիպել Նալբանդյանի հետ, թեեւ վերջինս պատրաստ է եղել առավոտյան ժամը 4-ին զրուցել վրացի պաշտոնակցի հետ:

Արձանագրենք, որ հարեւան պետության իշխանություններից «նեղացածի» կերպարով հանդես գալն ամենեւին դրական չի խոսում իր դիվանագիտական ունակությունների մեջ վստահ եւ քաղաքականապես հասուն իշխանության մասին: Ավելին՝ նույն այդ հարեւան երկրի նախագահի հասցեին նմանօրինակ ցածրակարգ արտահայտությունները պարզապես անվայել են նախագահի պաշտոնը զբաղեցնող գործչի համար: Ուշագրավ է միայն Սերժ Սարգսյանի՝ սադրանքներից զգուշանալու խորհուրդը: Պարզ է, որ Սաակաշվիլիին սադրում էին ռուսները, որոնցից եւ հավանաբար վերջինս պիտի զգուշանար: Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը հենց այդպիսի «սադրանք» էր աչքի տակ ունեցել, երբ մի գիշերում ԵՄ-ից հայտնվեց ԵՏՄ-ի «պատշգամբում»:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս