Հաջորդ տարի կխստացվեն հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ վարչական լծակները, իրազեկումը, բացատրական աշխատանքները բավարար չեն հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար: “Անցում ենք կատարում ավելի խիստ, զգայուն միջոցների, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելը”,- ասաց Ա. Ալավերդյանը եւ հավելեց, որ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ իրենց հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարում:
Ալավերդյանը նաեւ ներկայացրեց հաշվարկներ, ըստ որի՝ 1000 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում վճարված հարկերի 74%-ը: Կառավարության պաշտոնյան բացառեց, որ հարկային վարչարարության բեռն ընկնելու է փոքր եւ միջին բիզնեսի վրա: “Դա ֆիզիկապես ու տեսականորեն էլ հնարավոր չէ, քանի որ փոքր բիզնեսը ավելացված արժեքի հարկ վճարող չէ”,- պարզաբանեց Ալավերդյանը: