Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի շրջանակում քննարկվել է 2012-2013 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների եւ մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սան. սեկտորների եւ կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաեւ կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել հնարավորին արագ ու արդյունավետ, որպեսզի բնակիչները այս կամ այն հարցի հետ առնչվող որեւէ խնդրի չբախվեն: Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները եւ դրանք բերել կազմ ու պատրաստ վիճակի`զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը:
Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի եւս, բացի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների տեխնիկական ու մարդկային ռեսուրսներից, կներգրավվեն նաեւ շինարարարական կազմակերպությունների ուժերը: Իսկ կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները ձմռանը կաջակցեն մայթերի, այգիների ու պուրակների մաքրման գործընթացին: Վարձակալական հիմունքներով կձեւավորվեն նաեւ առանձին աշխատանքային խմբեր: Ամբողջ գործընթացը կվերահսկի Երեւանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձեւավորված օպերատիվ շտաբը, որին հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին` սերտ համագործակցելով նաեւ “Երեւան Գազ”, “Երեւան Ջուր” եւ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ: Վերջիններիս ղեկավարները ներկայացրել են ձմռան ամիսներին անխափան աշխատանք ապահովելու ուղղությամբ մինչ օրս ձեռնարկված եւ առաջիկա օրերին նախատեսվող աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը կենսապահովման ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է կրթադաստիարակչական կազմակերպությունների եւ առողջապահական ձեռնարկությունների բնականոն աշխատանքի անխափան ապահովման վրա, հատկանշելով, որ այդ ուղղությամբ բոլոր անելիքները պետք է ավարտվեն մինչեւ ձյան տեղումները: Վարչական շրջանների համապատասխան բաժինների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել շենք շինությունների ջերմամեկուսացումը, իսկ համատիրությունների միջոցով նաեւ կոտրված ապակիների նորերով փոխարինումը: