Երեկ՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այսօր հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին կհրավիրվեն նաեւ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Վարչապետի խոսքով` ինքը Սերժ Սարգսյանից հանձնարարական է ստացել ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու՝ արդյոք վերջիններս պատրաստվում են մասնակցել այդ նիստին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, ՀԱԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի` ՀՀ վարչապետի հրավերի հետ կապված, մասնակցելո՞ւ եք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:
-Տարածված եւ հին տարբերակ է, երբ գողը գոռում է` բռնե՛ք գողին: Կառավարությունն ումի՞ց է ազատում կոռուպցիան, ինքն իրենի՞ց: Ինքն իր վիզը պարա՞ն է կապում:
-Այսինքն՝ կարելի՞ է եզրակացնել, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու վարչապետի հրավիրած նիստին:
-Բնականաբար, պա՞րզ չէ, որ չենք մասնակցելու: Մենք բազմիցս ենք ասել, որ Հայաստանում կոռուպցիան համակարգված, կարգավորված մեխանիզմով է աշխատում, եւ այդ մեխանիզմը ղեկավարվում է առաջին դեմքի կողմից:
-Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ը չմասնակցելով կնպաստի ՀՀ-ում կոռուպցիայի տարածմանը:
-(Ծիծաղում է-Ս. Գ.) Իմ մեջ ընդամենը ծիծաղ է առաջանում: Այսինքն՝ կարծում եք, որ կառավարությունը, որն ամբողջապես «թաթախված» է կոռուպցիայի մեջ, ինքն իր դեմ պայքա՞ր է տանելու: Ուղղակի ծիծաղելի է:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
-Պարո՛ն Արզումանյան, որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ՝ կասե՞ք՝ ինչ եք որոշել, կմասնակցե՞ք ՀՀ վարչապետի հրավիրած խորհրդի նիստին:
-Այդ նիստի մասին ես Ձեզանից եմ տեղեկանում: Նախ ասեմ, որ ինձ որեւէ մեկը չի հրավիրել, որ ես գնամ կամ չգնամ: Դա երեւի «Ժառանգություն» կուսակցության ֆրակցիայի ղեկավարությանը հարցնեք, երկրորդն էլ կոռուպցիայի դեմ պայքարի նիստերը չեն անցկացվում կոռուպցիան մարմնավորողների հետ: Կոռուպցիան հենց մարմնավորում են կառավարությունն ու գերագույն իշխանությունը: Եթե ցանկանային պայքարել, ապա պայքարած կլինեին: Կոռուպցիան իրականացնող մարդկանց հետ քննարկելու են կոռուպցիայի պայքարի ինչ-որ ասպեկտնե՞ր:
-Չմասնակցելով նման միջոցառումներին, չքննարկելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների թեման՝ ինչի՞ է ուզում հասնել ընդդիմությունը:
-Ես այնքան սովոր եմ, որ ամեն ինչում ընդդիմադիրներին են մեղադրում, ցանկացած տկար ռեժիմ, որը որեւէ բան չի կարող անել, մեղադրում է ընդդիմությանը, քաղաքացիներին: Հնարավոր է, այս երկրում ամեն ինչ էլ հնարավոր է: Իմ կարծիքով՝ վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանն այնքան է «խրվել» կոռուպցիայի մեջ եւ այնքան է սերտաճել, որ դա հնարավոր չէ ներսից որեւէ փոփոխության ենթարկել, պետք է դրսից կտրել, վիրահատել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ԲՀԿ-ն՝ որպես այլընտրանք, մասնակցելո՞ւ է Տիգրան Սարգսյանի հրավիրած խորհրդի նիստին:
-Դեռեւս որոշում չունենք, երբ որ կլինի, այդ ժամանակ էլ այդ որոշման հիման վրա մեկնաբանություն կանեմ:
-Բայց ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք նիստից:
-Ես իմ ցանկություններով չեմ կարող առաջնորդվել, որովհետեւ ընդամենը բազմաթիվ պատգամավորներից մեկն եմ խմբակցությունում: Ձեզ հավելյալ կտեղեկացնենք:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, Դուք ի՞նչ եք որոշել, մասնակցելո՞ւ եք վարչապետի հրավիրած նիստին:
-Խմբակցությունը որոշել է, որ մեր ներկայացուցիչը ներկա կլինի, նախ կտեսնենք, թե ինչի մասին է խոսքը, ինչ է իրենից ներկայացնում այդ հակակոռուպցիոն հանձնաժողովը, եւ ընդհանրապես, ինչ են ակնկալում մեզանից: Բնականաբար, հնարավորություն կլինի նաեւ մեր դիրքորոշումներն արտահայտել:
Հ.Գ. ՀՅԴ-ից ոչ ոք չցանկացավ վարչապետի հրավիրած խորհրդի նիստի հետ կապված իրենց տեսակետը հայտնել՝ պատճառաբանելով, թե իրենք հեռուստատեսությամբ արդեն իրենց տեսակետը հայտնել են: Իսկ ՀԱԿ-ը երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ մերժել է կառավարության առաջարկը: