ՀՀԿ-Ի ՆԻՍՏԸ՝ ԱՅՍՕՐ
Երեկ չկայացավ ՀՀԿ-ի ԳՄ հերթական նիստը, այն կլինի այսօր: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի օրակարգում դրվել են կադրային որոշ փոփոխություններ անելու հարցը եւ նախագահական ընտրություներին առնչվող թեմաները:
Ի՞ՆՔՆ Է, ԹԵ՞ ԻՆՔԸ ՉԷ
Համացանցում տարածվել է սուրճ արտադրող ընկերություններից մեկի՝ տարիներ առաջ նկարահանած գովազդը, որում, ըստ որոշ պնդումների, նկարահանվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ քարտուղար Նաիրա Կարապետյանը: Ինքը` պատգամավորը, սակայն, հայտարարել է, որ չի նկարահանվել սուրճի գովազդում:
ԸՆԴԴԵՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն հայոց կաթողիկոսության Հայաստանի եւ սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ եւ հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Ժողովի քննարկման թեմաներից է հոգեորսության եւ աղանդավորության դեմ պայքարը:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը:
ԿԹԱՆԿԱՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ
«Գազի գնի թանկացումն անխուսափելի է: Մեր հասարակության նպատակը պետք է լինի ոչ թե դիմադրելը թանկացումներին, այլ պետք է մտածենք, թե ինչ ռեսուրսներ ունենք՝ կոմպենսացնելու այդ խնդիրը: Գազի գնի թանկացումը կբերի հացամթերքի, էլեկտրաէներգիայի, ցեմենտի թանկացմանը»,-երեկ լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
ԿՏՐՈՆՆ ԷԼ ԿԱՏՈՒԳԵՆ
Նոյեմբերի 1-ից ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ստուգելու է նաեւ տեխնիկական զննության կտրոնի առկայությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՃՈ-ն:
ՅԱՊՈՆՉԻԿԻ ԿՅԱՆՔԻՑ
Երեք տարի առաջ սպանված Յապոնչիկի (Վյաչեսլավ Իվանկով) այրին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես դարձավ ազդեցիկ «քրեական արքայադուստր»: Նա պատմել է իր եւ Յապոնչիկի սիրո պատմությունը` բացահայտելով վերջինիս որոշ գաղտնիքներ. օրինակ՝ այն, որ Յապոնչիկը «գործընկերոջը» սպանել է այն բանի համար, որ վերջինս հասույթը կիսելիս փորձել է թաքցնել թանկարժեք վզնոցը:
ՌՈՒՍՆԵՐԻ ՓԱՅՏՅԱՆԸ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կարող է դառնալ աղմկահարույց քրեական գործի դերակատար, որը հարուցվել է պաշտպանության գերատեսչությանը պատկանող անշարժ գույքի, հողատարածքների, արժեթղթերի՝ ցածր սակագներով իրացնելու պատճառով։ Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը, որի տվյալներով՝ մոտ ժամանակում նախարարին կարող են հարցաքննության կանչել։ Գերատեսչության չինովնիկների չարաշահումների հետեւանքով հասցվել է 3 միլիարդ ռուբլու վնաս։
ՀԵՐԻՔ ԵՂԱՎ
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ նախագահին եւ վարչապետին` խնդրելով հարգել Հայաստանի օրենքները եւ վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը: