2011-ի հոկտեմբերի 16-ին կասկածելի հանգամանքներում «ինքնասպան եղած» գործարարի` «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի դեպքից հետո նրա հարազատները հերթով հայտնվում են փախուստի, հետախուզման մեջ, հետո դիմում դատարան` Արմենի երեխային իրենցով անելու համար:
Ա. Պետրոսյանի կինը` ՌԴ քաղաքացի Տատյանա Չադենկովան, ամուսնու մահից մոտ ութ ամիս անց դիմել է դատարան` իր երեխայի հետ շփվելու կարգ սահմանելու պահանջով: Քաղաքացիական գործով պատասխանող են ճանաչվել Արմենի մայրը` Կարինե Սուքիասյանը, եւ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ` Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը: Չադենկովայի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Վահան Հայրապետյանը, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է պատասխանողի՝ դատարան չներկայանալու պատճառով, իր վստահորդն էլ հետախուզման մեջ չի եղել, ինչպես նշվում է ԶԼՄ-ներում (նաեւ պաշտոնական աղբյուրներից մեկն էր հայտնել այդ մասին):
Ինչեւէ, մոտ 4 ամիս առաջ էլ Կարինե Սուքիասյանն էր հետախուզման մեջ` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար. նա փորձել էր թոռնուհու հետ հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները նրան բերման էին ենթարկել ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ արձակել: Դրանից հետո Կարինեն դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Տ. Չադենկովային ծնողական իրավունքներից զրկելու պահանջով, սակայն գործի վարույթը կասեցվել էր, քանի որ Չադենկովան մեկ այլ քրգործով գտնվել է հետախուզման մեջ:
Թերեւս արձանագրենք, որ նույն տրամաբանությամբ էլ պետք է կասեցվեր նաեւ Չադենկովայի հայցով գործի վարույթը մինչեւ նրան հայտնաբերելը եւ Արմենի մահվան բոլոր հանգամանքները վերջնականապես պարզելը: Գուցե պարզվի, որ նա իսկապես ամուսնու սպանության պատվիրատուն է եղել կամ նրա հանցակիցը… Հիշեցնենք, որ Տատյանայի սկայպային շփումները ոմն Արթուրի հետ, որոնց տեսագրությունն ու վերծանումները հայտնվել էին «Հետք»-ում, մամուլում կասկածների ալիք էին բարձրացրել «ինքնասպանության» պաշտոնական վարկածի շուրջ, ինչից հետո էլ առաջ էր քաշվել կնոջ պատվերով ամուսնուն 100 000 դոլարի դիմաց սպանելու վարկածը: Այս հարցերի վերջնական պատասխանը մենք դեռ չունենք ո՛չ քրգործի ավարտի, ո՛չ էլ դատական ակտի տեսքով: Եւ այս պարագայում որքանո՞վ արդարամիտ կլինի դատարանը` մորը ծնողական իրավունքից զրկելու կամ նրան երեխայի հետ շփվելու իրավունք տալու հարցը որոշելիս:
Մի հանգամանք եւս. վերջերս Արմենի մայրը բաց նամակ էր հղել Սերժ Սարգսյանին` օգնության խնդրանքով, որտեղ նշել էր. «… Տղայիս «ինքնասպանության» դեպքից հետո համապատասխան քննչական գործողություններն առավել օբյեկտիվ եւ անաչառ իրականացնելու խնդրանքով նամակով դիմեցի Ձեզ: Որպես արդյունք՝ տղայիս հետ առնչվող բոլոր գործերը ՀՀ ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնից եւ Կոտայքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվեցին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Այս մարմին տեղափոխվեց նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետաքննչական ծառայության վարույթում գտնվող ինձ պատկանող, … կենցաղային էլեկտրոնիկայի հայաստանյան շուկայի առաջատար «Արայ» ընկերության նկատմամբ շատ հանկարծակի սկսված հարկային ոլորտի խախտումների վերաբերյալ գործը: Բոլոր գործերի տեղափոխումն ինձ հուսադրեց… Սակայն հույսերս չիրականացան: Իսկ այն բանից հետո, երբ հայտնվեց տղայիս ահաբեկման ու սպանության պատվերի մասին վկայող տեսաերիզը, որտեղ տղայիս քաղաքացիական կինը եւ իմ թոռնուհու մայրը` Տ. Չադենկովան, եւ ոմն Արթուր պարզ խոսում են տղայիս սպանությունը ծրագրելու մասին, «ինքնասպանության» գործը անհասկանալի պատճառներով կանգ առավ…»:
Մենք էլ կանգ առնենք` հասկանալու կատարվածը. տեղի է ունենում Արմենի մահվան դեպքը, միանգամից շրջանառության մեջ է դրվում «ինքնասպանության» վարկածը: Հանրությունն այնքան էլ չի հավատում այդ վարկածին, որից 3 ամիս անց հանկարծ անհայտ անձի կողմից Արմենի քրոջ մեքենայի վրա, այնուհետեւ «Հետք»-ում է հայտնվում Չադենկովայի եւ Արթուրի` սպանության նախապատրաստման մասին սկայպազրույցի խտասկավառակը` մոնտաժված վիճակում: Սա կարող է նշանակել` կա՛մ վերոնշյալ անհայտ անձը Պետրոսյանների նկատմամբ սրտացավ է եւ խտասկավառակը հրապարակ նետելով՝ ուղղակի խառնել է հանցագործի խաղաքարտերը` թույլ չտալով «մեղավորին» բաց թողնել, որից հետո նախաքննությունը կանգ է առել` չուզենալով կամ չիմանալով ինչ անել, կա՛մ աշխատել է երկրորդ տարբերակը` տեղեկության միտումնավոր արտահոսք: Նախ՝ խտասկավառակի պարունակությունը կարող էր անհայտ անձի մոտ հայտնվել միայն Տատյանայի «զրուցակից-հանցակից» կամ «հանցագործության կազմակերպիչ» լինելու պարագայում (գուցե նրան բացահայտող մասերն էլ դուրս են մնացել մոնտաժի արդյունքում), ով Տատյանային եւ նրա ընտանեկան խնդիրներն օգտագործելով` արանքից հանել է գործարարին` նրա բիզնեսին տիրանալու համար, գործն էլ փորձում է կոտրել Տատյանայի գլխին: Վերջինս խտասկավառակի խոսակցությունը ներկայացրել է որպես իր երեխայի առեւանգման պատվեր:
Ո՞վ է այդ հանցագործը կամ կազմակերպիչը. գուցե հալած յուղի տեղ ընդունեինք սկայպի զրույցի մեջ հիշատակվող «քիլլեր» չեչեններին կամ ինգուշներին, եթե մեր նախաքննական մարմինը կասկածելիորեն չդանդաղեր, հարկային մարմինն էլ այդ ընթացքում չներխուժեր «Արայ»` հարկային խախտումների վերաբերյալ գործ սկսելու: Արդյոք այս մարմինների համաժամանակյա գործողությունները չեն ուղղորդվում նրանցից վեր կանգնած իշխանական ինչ-որ անձի կամ մարմնի կողմից: Համենայնդեպս, Հայաստանում այսպիսի սովորություն կա` եթե ուզում ես բիզնեսը խլել կամ փայ մտնել, դա անում ես «չորով» կամ «օրինական» ճանապարհով. այնքան հարկ ես դնում վրան, որ քրեական հոդվածների ծանրությունից չկարողանա ծպտուն հանել: Չստացվե՞ց փոխշահավետ գործարք. ասենք` «Տատյանա՛, երեխան` քեզ, բիզնեսը` մեզ»: Սա, իհարկե, առայժմ ենթադրություն է` հիմնված առկա կամ հայտնի հանգամանքների վրա, որոնք կարող են հերքվել կամ հաստատվել հետագայում: Փաստաբանը ձեռնպահ մնաց գործի հետ կապված մանրամասներ հայտնելուց:
ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԵՐԵԽԱՆ ՔԵԶ, ԲԻԶՆԵՍԸ` ՄԵ՞Զ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ