ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկրի զինված ուժերում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ձեռամբ շրջանառության մեջ է դրվել «սեւ ցուցակ», որտեղ հայտնված զինվորները ծառայում են հայրենիքին հոգեպես ու ֆիզիկապես ընկճված վիճակում. նրանց անընդհատ հիշեցնում են՝ «դու սեւ ցուցակում կաս»:
Ինչի՞ մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ին հասած ահազանգերն իմի բերելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ «սեւ ցուցակի» պատմությունը սկսվել է անցած զորակոչի ժամանակահատվածում: Ըստ այդմ, Սեյրան Օհանյանի հրամանով մի գովելի գործընթաց է սկսվել՝ ամեն գնով հայտնաբերել այն մարդկանց, որոնք կփորձեն «մաղարիչով» բանակում «լավ տեղ» ծառայել, եւ պատժել նրանց: Բնականաբար, գտնվեցին այդպիսիք: Ըստ լուրերի՝ հենց դրա համար աշխատանքից ազատվեց հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանը:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ հենց այդ ընթացքում Սեյրան Օհանյանի յուրայինների ձեռամբ կազմվել է 70-հոգանոց սեւ ցուցակ, որում ընդգրկվածների համար ծանոթ-բարեկամները փորձել են փողով հարց լուծել հայոց բանակում: Եւ որպես պատիժ՝ այդ 70 նորակոչիկներին այնպիսի զորամասեր են տարել ծառայության եւ այնպիսի պայմաններում, որ, մեղմ ասած, անտրամաբանական է: Նշենք, որ ՊՆ-ն հաշվի չի առել շատ զինվորների առողջական վիճակը, ընտանեկան կարգավիճակը, որը շատ դեպքերում որոշ արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս եւ այլն: Այլ կերպ ասած՝ այսօր հայոց բանակում կույրը ստիպված է հրաձիգ լինել, սրտի հիվանդություն ունեցողը՝ վազել ու ընկնել շարքի մեջ, այն ծնողազուրկ նորակոչիկին, որն օրենքով իրավունք ունի իր ծննդավայրից 50 կմ հեռավորության վրա ծառայել, «աքսորել» են հարյուրավոր կիլոմետր հեռու եւ այսպես շարունակ: Այնպիսի տպավորություն է, որ կացնային մեթոդով ողջ բանակը պայքարում է հենց այդ 70 հոգու դեմ:
Իհարկե, լավ է, որ ՀՀ զինված ուժերում փորձում են առաջվա «բեսպրեդելի» դեմն առնել, մի զանգով զինվորի ճակատագիր որոշելու եւ այլ արատավոր երեւույթների վերջը տալ, բայց այս ողջ շրջապտույտի մեջ զինվորների ճակատագրեր են կերտվում, ու երիտասարդ տղաների մոտ արդարության մասին պատկերացումները սկսում են ձեւախեղվել: Նա, ով առավել հզոր տանիք ունի, այնուամենայնիվ, կարողացել է «ընկնել» սրտի ուզած զորամասը, ով որ ավելի ցածր օղակներով է փորձել «գործ անել», «զրկանքներ է կրում» ամեն օր:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանումներ ստանալ զինված ուժերում պտտվող «սեւ ցուցակի» մասին: «Այդ «սեւ ցուցակ» ասվածը կոնկրետ չափազանցվել է: Իրականում պաշտպանության նախարարության ենթակառույցները, որոնք զբաղվել են զորակոչի հարցերով, նաեւ լրջորեն պայքարում են այդ օրինախախտումների դեմ: Եւ արդյունքները գրանցվել են, մասնավորապես նախորդ զորակոչի փուլում: Ու նրանք, ովքեր փորձել են ինչ-որ մեխանիզմներ գործածել եւ նորմալ չծառայել, ուղղարկվել են համապատասխան զորամասեր»,-պաշտոնապես ահա այսպիսի պարզաբանում տվեց ՊՆ խոսնակը՝ ըստ էության հաստատելով վերը նկարագրված իրողությունը:
Նա նաեւ մեկնաբանեց. «Հիմա դուք ինչ տվյալ ունեք՝ չգիտեմ, բայց ասեմ, որ եղել են  դեպքեր, որ մարդիկ, որոնք ունեցել են այդպիսի խնդիրներ, ասել է թե՝ ծնողազուրկ են կամ կարճատեսության խնդիր են ունեցել, բայց կան դեպքեր, իհարկե եզակի, որ ոչ թե օգտվել են օրենքով իրենց տրված իրավասությունից, այլ գնացել են, այսպես կոչված, հայավարի տարբերակով: Ծանոթ-բարեկամ տարբերակով փորձել են, հաշվի առնելով իրենց ծնողազուրկ լինելու փաստը, էլ ավելի լավ պայմաններում ծառայել, եւ չի բացառվում, որ այդ մարդիկ հայտնվել են ինչ-որ իրավապահների ուշադրության կենտրոնում, բնականաբար, ոչ միայն չեն օգտվել այդ հնարավորությունից, այլեւ պատժվել են»:
Ահա այսպես, կան շատ երիտասարդներ, որոնք բանակ գնալու փոխարեն հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Հիմա պատկերացրի՞ք, թե ինչ մթնոլորտում են ծառայում մեր երիտասարդները: Եւ այս իրավիճակը ձգվում է արդեն մի քանի ամիս:
Եթե զինվորին օրենքով թույլատրվում է ծառայել բնակավայրին առավել մոտ գտնվող զորամասում, ինչո՞ւ են նրան հեռու տարել: Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում գտնվող մեր երկրի զինվորը բարոյահոգեբանական առումով ի՞նչ վիճակում պետք է ծառայի: Պարզվում է՝ սա այնքան էլ չի մտահոգում ՊՆ սպայակազմին. «Մոտ կամ հեռու ծառայելն այստեղ գրեթե մեծ տարբերություն չկա: Ձեր կարծիքով՝ այն զինվորը, որ, ասենք, մի քանի կիլոմետր մոտ է ծառայում, իր բարոյահոգեբանական վիճակն ավելի՞ լավ է»: Դե իհարկե, ի՞նչ տարբերություն, դրա համար էլ ՊՆ-ն հարկ եղած դեպքում խախտում է օրենքը՝ հղում անելով տարբերություն չլինելու նրբությանը:
«Սեւ ցուցակում» հայտնվածների մեջ կան զինվորներ, որոնք վատ են տեսնում, բայց նրանց ուղարկում են դիրքեր՝ անընդհատ հիշեցնելով, որ «դու նախարարի սեւ ցուցակի մեջ ես»: Սա ի՞նչ է նշանակում: «Ես ձեզ ասում եմ, մենք կատարել ենք 800 գործից ավելի գործերի անալիզ եւ մաղել ենք մի շարք գործեր եւ ոչ մի գործ չգտանք այդ ողջ ընթացքում, որ որեւէ մեկը մաքուր լիներ եւ անիրավացիորեն կերպով պատժվեր հանկարծ: Եւ մենք շուտով էլի կհրապարակենք նման գործեր, որոնք փորձել են ինչ-որ մեխանիկական ճանապարհ իրականացնել: Եթե, կրկնում եմ, եղել են դեպքեր, այդպիսին, ինչպիսին դուք եք ասում, մենք պատրաստ ենք գործը վերանայել»,-եզրափակեց Ա. Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ»-ը դեռ կհետեւի այս թեմային:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս