ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՉՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոբելյան խորհուրդը 2012թ. Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհեց Եվրամիությանը: Պատճառն այն է, որ Եվրամիությունն աշխարհում կանխել է նոր պատերազմներ եւ Եվրոպայում կայունացրել է իրավիճակը Երկրորդ համաշխարհային եւ սառը պատերազմներից հետո:
Բայց Եվրամիությանը խաղաղության մրցանակ շնորհելու Նոբելյան կոմիտեի որոշումը Հունաստանի՝ տնտեսական ճգնաժամից տառապող շատ բնակիչների մոտ տարակուսանք է առաջացրել, որոնք կարծում են, որ խաղաղության մրցանակը հարկավոր էր տալ հույն ժողովրդին, որը կրում է տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Շատ հույների կարծիքով՝ Եվրոպական միությունը ընդհանրապես գոյություն չունի: Եւ առհասարակ, հանրությանը հետաքրքրել է, թե ինչ է արել Եվրամիությունը, որ վերջ տա Թուրքիայի կողմից 38 տարի շարունակ Կիպրոսի մի մասի օկուպացիային:

ՀԱՐՑ. Արդարացված համարո՞ւմ եք Նոբելյան խորհրդի որոշումը: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը մինչ օրս չի ունեցել նոբելյան դափնեկիրներ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես անարդարացի եմ համարում: Ընդհանրապես, Խաղաղության մրցանակը դարձել է քաղաքական գործիք: Հիմնականում շնորհում են այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք ծառայում են արեւմտյան երկրների շահերին եւ նպատակներին: Օբամային մրցանակ շնորհելուց հետո այս մրցանակի իմաստն ընդհանրապես արժեզրկվեց: Հայերի հետ կապված գիտեմ, որ մի քանի դեպք է եղել, երբ շնորհել են մրցանակներ այն մարդկանց, որոնք համատեղ աշխատանքներ են արել հայերի հետ, սակայն հայերին մրցանակը բաժին չի հասել: Չեմ ուզում դավադրության տեսություններով զբաղվել, բայց այն, որ ոչ ամեն ինչ է արդարացի Նոբելյան կոմիտեի որոշումներում, ակներեւ է: Եթե, օրինակ, մի հայ գրող ունենանք, որն իրավապաշտպան էլ լինի ու մի քսան տարի բանտարկված լինի Հայաստանում, այդ ժամանակ Նոբելյան մրցանակ ստանալու շանսերը կավելանան՝ կա՛մ գրականությունից կտան, կա՛մ խաղաղության:

ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ
բլոգեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրամիության վերջին տարիների գործունեությունը եւ ստեղծված իրավիճակը ցույց են տալիս, որ ազգերն ու երկրները մեկ օղակի մեջ համակենտրոնացնելը սխալ է, Խորհրդային Միությունը պետք է դաս լիներ բոլորի համար: Կարծում եմ, որ Եվրոպան վաղ թե ուշ կվերանայի այս կոպիտ սխալը: Հունաստանի վիճակը, աղքատությունը եւ չզարգանալը պատճառ են երկար տարիներ կոմունիստական «գաղափարախոսության» եւ Ռուսաստանի ազդեցության տակ լինելուն, չունի ժամանակակից տնտեսության զարգացման որեւէ հիմք: Հայերիս նոբելյան մրցանակակիր չունենալու պատճառը նույնն է, ինչ որ քաղաքակիրթ աշխարհի մնացած բարիքներից զրկված լինելը՝ անկախ պետականության բացակայությունը, ժամանակակից աշխարհին չինտեգրվելը, նրանից մեկուսացված լինելը: Նույնիսկ անկախության վերահաստատումից հետո ռուսամոլ կառավարիչների դավաճանական գործունեության պատճառով երկիրը վերածվել է ռուսական ֆորպոստի, որի արդյունքն այս հետամնաց, օրեցօր մաշվող Հայաստանն է:

ԱՐՄԵՆ ԶԱՏԻԿՅԱՆ
Մյունհենի  հայկական քաղաքական-հասարակական 50 կազմակերպություններից բաղկացած Միացյալ մարմնի դիվանի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս