Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թուրքիայի «Իշիկե» հյուրանոցում Հ. Մուրադյանին մարմնավաճառության դրդելու եւ նրանից 7500 ԱՄՆ դոլար կորզելու գործով դատավարությունը: Մինչ նիստը սկսվելը տուժող Հ. Մուրադյանը մի քանի անգամ պահանջեց, որ իրեն լրատվամիջոցները չնկարեն, հակառակ դեպքում չի մասնակցի նիստին: Մեղադրյալ Ն. Մովսիսյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը նիստի սկզբում ներկայացրեց միջնորդություն՝ բոլոր բանկերից ճշտել, թե որքան գումար է Ն. Մովսիսյանը 4 ամիսների ընթացքում ուղարկել Թուրքիայից: Մ. Մուրադյանն այդ հանգամանքը կարեւոր է համարում, քանի որ այդպես պարզ կդառնա, որ տուժողին Թուրքիայում ստիպողաբար չեն պահել, նա ունեցել է բավական գումար եւ հնարավորություն՝ Հայաստան գալու, բայց, չգիտես ինչու, դա չի արել: Մինչ Մ. Մուրադյանը ներկայացնում էր իր միջնորդությունը, տուժող Հ. Մուրադյանը շտապում էր տեղից միջամտել. «10 000 դոլար եմ ուղարկել, լավ եմ արել, ընկեր եմ ունեցել, ուղարկել եմ, դրա մեջ վատ բա՞ն կա», այնուհետ ինքն անձամբ նշեց բանկի անունն ու ավելացրեց, որ գումարն ուղարկել է մի քանի հոգու անունով:
Նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանը շտապեց զգուշացնել տուժողին, որ չմիջամտի եւ առանց իր թույլտվության տեղից չխոսի, բայց նույնը ստիպված եղավ նիստի ընթացքում եւս մի քանի անգամ կրկնել: Ներկայացված միջնորդությունը բավարարելուն կողմ էին մեղադրյալները, նրանց պաշտպանները, ինչպես նաեւ տուժողը, դրան դեմ էր միայն պետմեղադրող Վլադիմիր Հովհաննեսյանը, որը նշեց, որ պետք է արժանահավատ ընդունել տուժողի խոսքը, քանի որ նա ինքը չի հերքում, որ գումար է ուղարկել: «ՀՀ գումար ուղարկելու փաստը չի կարող օբյեկտիվ հիմք հանդիսանալ, որ տուժողը չի ենթարկվել սեռական շահագործման: Մարդը կարող է հանդիսանալ մարմնավաճառ, գումար ուղարկի, սակայն ենթարկվի սեռական շահագործման»,-ասաց պետմեղադրողն ու հավելեց, որ այն ենթակա է մերժման:
Դատարանը որոշեց սույն միջնորդությունը մերժել, քանի որ դատավոր Է. Մանուկյանի համոզմամբ՝ գումարի չափը գործի հետ որեւէ առնչություն ունենալ չի կարող: Այնուհետ հաջորդեց եւս մեկ միջնորդություն, այս անգամ արդեն մեղադրյալ Ս. Մարտիրոսյանի պաշտպանի կողմից՝ իրեն երկշաբաթյա ժամկետ տրամադրելու համար: Այդ ժամկետը նա ուզում էր, որպեսզի դատարանին ներկայացնի իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր, որոնք Թուրքիայից ուղարկելու է իր պաշտպանյալի դուստրը:
Դատավորը բավարարեց ներկայացված միջնորդությունը, եւ նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 15-ը:
Գյումրի