ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որի հետ բանակցությունների արդյունքում հիմնել է գազաբաշխիչ աշտարակների արտադրական ձեռնարկություն: «Պարսիկներին զարմացրել էր այն հանգամանքը, որ հայը, բացի մետաղի ջարդոնից ու այլ թափոններից, իրենց հրամցնում է արդեն պատրաստի արտադրանք»,-նշում է Ռ. Թովմասյանը:
USAID եւ TACIS ծրագրերի շրջանակում «GAZ de France» եւ «Snamprogetti» ընկերությունների անմիջական մասնակցությամբ 1995-1996թթ. ուսումնասիրվեցին Հայաստանի գազատրանսպորտային ու գազաբաշխիչ համակարգերը, գազի համակարգին անհրաժեշտ սարքավորումներ ու պահեստամասեր արտադրող մասնագիտացված արտադրական ձեռնարկությունները: Հանրապետության էներգետիկ համակարգի գործունեության առաջընթացի հետ կապված՝ Հայաստանում ի հայտ եկավ գազալցակայաններում էլեկտրոնային հաշվիչների տեղադրման պահանջարկ, ինչը նախորդ մոնոմետրային չափիչների համեմատությամբ առավել արդյունավետ է վերահսկման, ստուգման եւ կառավարման առումով: Էլեկտրոնային հաշվիչների (դիսպենսերների) արտադրությամբ Հայաստանում սկսեց զբաղվել շուրջ 8 կազմակերպություն, որից այժմ, ըստ «Չափագրումների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Վահան Սահակյանի, գործում են 3-ը՝ «Արմինե» ՍՊԸ-ն, «ԷՅ Ջի սերվիս»-ը եւ «Ջի ՋԻ սոլյուշն» ընկերությունները:
Շուկայում առավել հայտնի արտադրող «Արմինե» արտադրական կոոպերատիվի տնօրինության հետ էլ «Ժողովուրդ»-ը խոսեց ապրանքատեսականու տեխնոլոգիական արդյունավետության, անհրաժեշտության եւ հիմնախնդիրների շուրջ: Ընկերության հիմնադիր տնօրեն, նախկին պատգամավոր Ռոբերտ Թովմասյանի կարծիքով՝ սա նոր ծրագրերի, նորագույն տեխնոլոգիաների կիրառում է գազալցակայաններում: Մինչ այս նորամուծությունը գազը չափվում էր մոնոմետրերի սկզբունքով, որոնք ցույց էին տալիս միայն գազի ճնշումն ու խտությունը: Տնտեսվարողը դժվարանում էր հաշվել, թե ամսվա վերջում ինքն ինչ եկամուտներ ունի: Նախկինում «Հայռուսգազարդ»-ի եւ տնտեսվարող սուբյեկտի մոնոմետրային հաշվիչների միջեւ գազի ծավալային տարբերության թույլատրելի սահմանը չպետք է գերազանցեր 5%-ը: Գերազանցող ցուցանիշը խոսում էր տնտեսվարողի կորուստների մասին: Այսինքն, եթե տնտեսվարողի մոտ հստակ չեն եկամուտները, ապա նրանից գանձվում է հաստատագրված հարկ: Էլեկտրոնային հաշվիչի առավելություններից մեկն էլ տնտեսվարողին հաստատագրված հարկից, որն ավելի անկայուն է, քան ԱԱՀ-ով գանձումը, հեռու պահելն է:
«Գազալցակայաններում էլեկտրական հաշվիչների օգտագործումը նոր միտք է: Գերմանիայից, Արգենտինայից եւ Նոր Զելանդիայից ներկրվում են չափիչ սարքերը, որոնք համալրվում է էլեկտրական հաշվիչների համար նախատեսված տեղական արտադրության դետալներով: Չափիչ սարքը կշռում է ցանկացած հոսող նյութի ծավալը: Պատրաստի արտադրանքը՝ էլեկտրոնային հաշվիչը, հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտին ե՛ւ քաղաքակիրթ ձեւով սպասարկել հաճախորդին, ե՛ւ հարկային մարմնի հետ բաց աշխատել: Բացի այդ, գազալցակայանի տերը փաստացի վերահսկում է, թե կոնկերտ իր ընկերությունն ինչ քանակի գազ է վաճառել»,-նշում է Թովմասյանը:
Վերջինիս վկայությամբ՝ տեղական շուկայում ամսվա կտրվածքով վաճառվում է մոտ 5-10 էլեկտրական հաշվիչ սարք: Մեկ սարքի միջին արժեքը տեղական շուկայում 5-7 հազար, իսկ միջազգային շուկայում՝ 11 հազար դոլար է: Ըստ Թովմասյանի՝ Հայաստանում կա 1600 լցախողովակ, որի համար անհրաժեշտ է 800 հատ էլեկտրական հաշվիչ: Նախատեսված քանակի կեսից ավելին՝ շուրջ 410-ը, արդեն գործում է:
Գազաբաշխիչ աշտարակների արտադրությամբ զբաղվողներն այս գործը Հայաստանում արդյունավետ չեն համարում: Դրա համար խոչընդոտ են տեղական շուկայի փոքր պահանջարկը եւ երբեմն նաեւ հարկային քաղաքականությունը: Ի հակադրություն դրա՝ գիտական առաջընթացի ու ապրանքատեսականու պահանջարկի առումով Իրանը ողջունում է այս նորարարությունը: Սրա վկայությունն է Իրանում էլեկտրական հաշվիչների հայկական ձեռնարկության ստեղծումը, որի հիմնադիրը «Եղիցի լույս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը՝ նույն ինքը Ռոբերտ Թովմասյանն է: Մեր տեղեկություններով՝ վերջինս անձամբ հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ստացել նրա համաձայնությունը եւ սկսել ձեռնարկատիրությունը:
«Պարսկական կողմին զարմացրեց այն հանգամանքը, որ Հայաստանն առաջարկում է պատրաստի արտադրանք: Նրանց կարծիքով՝ ես առաջին հայն եմ, որ իրենց մետաղի ջարդոն կամ թղթի թափոն չի վաճառում, այլ գիտական մտքի արգասիք: Ի դեպ, այդ երկրում ողջունվում է գործարարությունը: Այդ երկրի հարկային քաղաքականությունը շատ նպաստավոր է գործարարի բարգավաճման, ծավալման առումով: Իրանում մեր ընկերությունը 16 տարով ազատվել է հարկերից: Իսկ գործունեության մեկ տարվա ընթացքում մեր ընկերությունը հասցրել է ճանաչում ձեռք բերել, ու մենք պատրաստվում ենք Իրանից Ուզբեկստան եւ Թուրքմենստան արտահանել էլեկտրոնային հաշվիչները: Դրանք լուրջ գործարքներ են եւ ենթադրում են ֆինանսական լուրջ շրջանառություններ»,-ասում է Թովմասյանը:
Հավելենք, որ հայկական այս ձեռքբերման արգասիքը վայելում են այլ պետություններ՝ հարստացնելով իրենց տնտեսությունը: Այնինչ գործարքի ակտիվ կողմ կարող էր լինել ՀՀ-ն:
ԲԻԶՆԵՍՆ ԷԼ Է ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ