Տավուշի մարզում գործում է հանրակրթական 81 դպրոց: Ամենամեծ թվով աշակերտներ ունի մարզկենտրոն Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցը՝ 865 աշակերտ: Դպրոցն այս տարվանից կրում է հայտնի հումորիստ, ծագումով իջեւանցի Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ վաստակավոր ուսուցիչ Մկրտիչ Մարտիրոսյանի անունը, ում կիսանդրին վերջերս հանդիսավորությամբ բացվեց: Ուսումնական 5 մասնաշենք ունեցող կրթօջախի պահպանման համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է 16 միլիոն 700 հազար դրամ: Իսկ աշակերտների թվով ամենափոքրը Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի դպրոցն է, որն ունի ընդամենը 9 աշակերտ: Դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի տեղեկացմամբ՝ կես դասարանի չափ աշակերտ էլ չունեցող դպրոցի պահպանման տարեկան ծախսերը կազմում են շուրջ 10 միլիոն դրամ: Վարդումյանը՝ որպես տնօրեն, ստանում է 142 հազար դրամ աշխատավարձ, որը սահմանում է դպրոցի կառավարման խորհուրդը:
Նշենք, որ 865 աշակերտ ունեցող Իջեւանի թիվ 5 դպրոցի եւ 340 աշակերտ ունեցող Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրենների աշխատավարձերը կազմում են 160 հազար դրամ: Տավուշի մարզի հանրակրթական ոլորտի մասնագետներն ասացին, որ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներին հատկացվող շենքերի պահպանման ծախսերից գումարներ են ուղղվում նաեւ այդ դպրոցների ուսուցիչներին աշխատավարձ վճարելու համար: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձի գումարը գոյանում է դպրոցի աշակերտների թվին համապատասխան, իսկ նման դպրոցներում աշակերտները քիչ են: Բնականաբար, ծագում է փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների գոյության նպատակահարմարության հարցը: Օրինակ՝ որքանո՞վ է տնտեսապես նպատակահարմար Աճարկուտի դպրոցի գոյությունը: Աճարկուտը, Ադրբեջանին սահմանամերձ համարվելով հանդերձ, գտնվում է անտառի գրկում` Կիրանցից ընդամենը 2 կմ հեռավորության վրա, ուստի տեղի աշակերտները կարող են հաճախել Կիրանցի միջնակարգ դպրոց:
Նույն կերպ` որքանո՞վ է նպատակահարմար Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեղձավան գյուղի հիմնական դպրոցի գոյությունը, եթե կողքին՝ Պտղավան գյուղում, գործում է մասնագիտական կադրերով համալրված միջնակարգ դպրոց: Մանավանդ որ Դեղձավանի հիմնական դպրոցի ուսուցիչների զգալի մասը Պտղավանի բնակիչներ են: Տնտեսապես նպատակահարմար չէ նաեւ Նոյեմբերյան քաղաքին հարակից, սահմանամերձ Դովեղ գյուղում միջնակարգ դպրոցի գոյությունը: Դովեղում տնտեսապես քիչ թե շատ ձեռնտու է հիմնական դպրոցի գոյությունը, իսկ ավագ դասարանների աշակերտները կարող են ուսումը շարունակել Նոյեմբերյանի ավագ դպրոցում: Տավուշի մարզի դպրոցների պետական ֆինանսավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն, որոնք պարարտ հող են ստեղծում կոռուպցիոն ռիսկերի համար:
Տավուշ