ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԵՐԿՆԱՔԵՐԸ
Կասպից ծովի արհեստական արխիպելագի վրա ադրբեջանական Avesta ընկերությունը պատրաստվում է կառուցել աշխարհում ամենաբարձր երկնաքերը: Azerbaijan Tower-ի (Ադրբեջանի աշտարակը) կառուցումը կարժենա 2 մլրդ դոլար: Կառույցը կունենա 85-150 հարկանի շենքեր: Իսկ ամենաբարձրը շենքը 200 մետրով բարձր կլինի Դուբայի Burj Khalifa շենքից: Երկնաքերի բարձրությունը կկազմի 1050 մ: Դրա կառուցումը կսկսվի 2016-2017թթ.:

ՀԵԼՈՈՒԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ
Մադրիդում հելոուինի տոնակատարությունների ժամանակ երեք աղջիկ մահացել են կարդիո-շնչառական կոլապսի պատճառով (սրտային եւ շնչառական սուր անբավարարություն): Ողբերգության պատճառ կարող էր դառնալ թթվածնի անբավարարությունը: Ակումբում, որտեղ նշել են տոնը, մեծ քանակությամբ մարդ է հավաքված եղել: Երկու աղջիկները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, մյուսը՝ բուժհաստատություն հասնելուն պես: Եւս երկու աղջիկներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Արեւմտյան երկրներում հելոուինը տոնում են հոկտեմբերի 31-ին` Բոլոր սրբերի օրվա նախաշեմին:

1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

«Ռուսական ցար Պավել 1-ինի սեղանի ժամացույցը Լոնդոնի Christie`s աճուրդում վաճառվել է  1 մլն դոլարով: Ժամացույցը պատրաստված է ոսկեջրած բրոնզից եւ զարդարված է  թանկարժեք քարերով ու ադամանդներով: Բարձրությունը 32,4 սմ է, լայնությունը` 11,1 սմ»,-գրում է LifeNews-ը: Աճուրդի տվյալներով` ժամացույցը պատրաստվել է 18-րդ դարի կեսերին այն ժամանակվա նշանավոր ժամագործ Ջեյմս Կոկսի կողմից: Ժամացույցի գնորդը ցանկացել է անհայտ մնալ:

ՏԱՏԻԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Բելառուսա-լիտվական սահմանի վրա սահմանապահները ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների: Երբ նրանցից պահանջել են բացատրել, թե ինչ են անում սահմանային գոտում, նրանք պատասխանել են, որ Բելառուսի անտառներում փնտրում են իրենց տատիկի գերեզմանը: Օրինախախտները ձերբակալվել եւ տեղափոխվել են ժամանակավոր մեկուսարան: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

ՀԱՄԱԿԱՐԳԻՉ-ԱԿՆՈՑ
Մեծ Բրիտանիայում վաճառքի են հանվել լեռնադահուկային ակնոցներ, որոնց ապակիները համակարգչային էկրանի գործառույթ են կատարում: «Բլյուտս» անլար կապի համակարգի օգնությամբ ակնոցն ազդանշան է ստանում, որը փոխանցվում է սմարթֆոնից: Փոխանցվող տեղեկությունը երեւում է ակնոցի անկյան փոքրիկ էկրանի վրա: Ընդ որում, արդյունքն այնպիսին է, կարծես մարդը դիտում է այդ տվյալները 35 սմ-անոց էկրանի վրա, որը տեղակայված է նրա աչքից ամենաքիչը երկու մետր հեռու: Ակնոցի արժեքը 500 ֆունտ սթերլինգ է (800 դոլար):

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս