Թուրքիան Ռուսաստանի կողմից վտանգ չի տեսնում, իսկ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ անդամ դառնալու ձգտումը երկկողմանի հարաբերությունների վրա բացասական չեն ազդում: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ըստ «Ինտերֆաքսի» այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ոիմիթ Յարդիմը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ձգտում է անդամակցել Եվրամիությանը, սակայն դրանք այն բաղադրիչները չեն, որ կարող են ինչ-որ ձեւով ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա», – ասել է նա: Նա շեշտել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ համագործակցությանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ փոխգործակցության ներկայիս մակարդակը ավելի բարձր է, քան Թուրքիայի համագործակցությունը որոշ եվրոպական գործընկերների հետ: «Թուրքիան եւ Ռուսաստանը միմյանց մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում ու նպատակ ունեն հարաբերությունների կտրուկ զարգացման», – հավելել է դիվանագետը: