Քրիստինա Օրբակայտեն ռուս նշանավոր երգչուհի է, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի դուստրը: 2013-ից նա կրում է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Քրիստինա Օրբակայտեի հայրը ազգությամբ լիտվացի ռեժիսոր է: 2002 թ. Քրիստինան ստացել է և՛ Ռուսաստանի և՛ Լիտվայի քաղաքացիություն։
Քրիստինա Օրբակայտեն ձայնագրել է ավելի քան 150 երգ, խաղացել է ավելի քան երեք տասնյակ ֆիլմերում և մյուզիքլներում:
Ներկայացնում ենք նրա հետ անցկացված հարցազրույցներից մեկը:
– Դուք հաջողակ, «աստղային» մարդու տպավորություն եք թողնում:
– Ցանկացած նոր նախաձեռնություն ուղեկցվում է դժվարություններով, այլ կերպ չի լինում, եւ ես բացառություն չեմ: Հաղթահարում ես, հաղթահարում եւ վերջապես հաղթում: Իսկ հանդիսատեսը միայն արդյունքն է տեսնում:
– Ե՞րբ Դուք զգացիք, որ Ձեզ հիշում եւ գնահատում են որպես երգչուհի եւ դերասանուհի, այլ ոչ որպես Ալլա Պուգաչովայի դուստր:
– Ես երբեք չեմ մտահոգվել այդ հարցի շուրջ: Այդ հարցը կարեւոր է լրատվամիջոցների, լրագրողների համար, ովքեր մտահոգվում են, թե ով եմ ես՝ ավելի շատ Ալլա Պուգաչովայի՞ դուստր, թե՞ անհատականություն: Ես ուղղակի զբաղված եմ արվեստով: Ես երգում եմ, խաղում բեմում եւ կինոյում ինչպես Քրիստինա Օրբակայտե եւ խելահեղորեն երջանիկ եմ, որ այդքան սքանչելի մայր ունեմ:
– Ի՞նչ է Ձեզ անհրաժեշտ գեղեցիկ տեսք ունենալու համար:
– Առաջին հերթին քուն: Համերգներն ուշ են վերջանում, իսկ ինքնաթիռներն առավոտ վաղ են թռչում: Այնպես որ, իմ կյանքն անքնությամբ է անցնում:
– Ունեցե՞լ եք արդյոք անճոռնի ճուտիկի զգացողությունը, որը վերածվել է հրաշալի կարապի:
– Դա իսկական իմ պատմությունն է, երեխա ժամանակ առանձնապես աչքի չէի ընկնում, այո՛, եւ «Խրտվիլակում» ինքս ինձ խաղացի: Ես ավելի շուտ ընկեր-աղջիկ էի: Իսկ կարապի վերածվեցի միայն իմ որդու՝ Նիկիտայի ծնվելուց հետո: Ես այն ժամանակ 20 տարեկան էի, եւ «կարապին» իմ մեջ, անկասկած, երեխան արթնացրեց: