Ես 21-րդ դարում ապրող տղամարդ եմ և պարտավոր եմ իմ արտաքինին հետևել. Էրիկը` սրտակեր լինելու մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Էրիկն առաջիկայում երկրպագուներին ուրախացնելու կարեւոր առիթ կունենա. նա այժմ լրջորեն զբաղվում է Երեւանում կայանալիք իր առաջին մենահամերգով, որի վերաբերյալ փակագծերը դեռ չի բացում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է ինքը` երգիչը, ով անդրադարձել է նաեւ աղջիկ երկրպագուների հետ իր ունեցած հարաբերություններին, իր կեցվածքին ու արտաքին տեսքին, պատմել է երբեմնի հիասթափության մասին:

-Էրի՛կ, Ձեր երկրպագուներն անընդհատ հետաքրքրվում են, թե երբ եք պատրաստվում Երեւանում հանդես գալ մենահամերգով, եւ արդյո՞ք այն սարերի ետեւում է:

-Այդ հարցով հիմա արդեն շատ կոնկրետ եւ լրջորեն զբաղվում եմ, սակայն դեռեւս չեմ ուզում շատ փակագծեր բացել: Դա լինելու է իմ առաջին մենահամերգը Երեւանում, եւ ես անելու եմ ամեն բան, որ այն անցնի հետաքրքիր, ու երբ երկրորդ մենահամերգն ունենամ, մարդիկ կրկին սիրով գնեն տոմսերն ու համենան: Երեւանյան մենահամերգին զուգահեռ ծրագրում եմ ունենալ մեկ այլ մենահամերգ նաեւ Միացյալ Նահանգներում, տեսնենք` ինչպես կստացվի:

2

-Դուք Ձեր կեցվածքի, արտաքին տեսքի, շարմի միջոցով ակամայից դարձել եք աղջիկների սիրելին, նրանց իդեալը: Ձեզ երբեմն համարում են անգամ սրտակեր: Դժվար չէ՞ նման պիտակով ապրելը:

-Չեմ կարծում, թե սրտակեր եմ կամ փորձում եմ այդպիսին լինել: Ես 21-րդ դարում ապրող տղամարդ եմ եւ պարտավոր եմ իմ արտաքինին հետեւել` անկախ մասնագիտությունից: Ձեր ասած սրտակեր կերպարները մի օրում սպառում են իրենց, սկզբում նրանք գրավում են հանդիսատեսին, իսկ հետո, երբ ամուսնանում են, հանդիսատեսը սկսում է նրանց չսիրել. սա շատ ծիծաղելի է: Եթե նկատել եք, ես քիչ եմ ունենում «ինչ-որ հատուկ հայացքներով» ֆոտոսեսիաներ, տարվա ընթացքում շատ տեսահոլովակներ չեմ թողարկում, քանի որ չեմ ուզում հոգնեցնել հանդիսատեսին: Իսկ այսօր շատերը 1500 հատ տեսահոլովակ են թողարկում, բայց երբ հերթը հասնում է երգելուն, ամեն բան փոխվում է: Ինձ համար առաջնայինն իմ գործունեությունն է: Ինձ ուրախացնում է, օրինակ, այն հանգամանքը, որ անցել է 4 տարի, իսկ երկրպագուներս դեռ հիշում են «Անիրական» անունով երգս կամ «Твои следы» երգի իմ կատարումը:

-Ամեն դեպքում, Դուք ունեք աչքի ընկնող ոճ, ընդգծված արտաքին. ինքնե՞րդ եք աշխատում Ձեր տեսքի վրա, թե՞ կան մարդիկ, ովքեր օգնում են Ձեզ այդ հարցում:

-Այս սանրվածքը, ոճը ուղեկցում է ինձ դեռեւս 7-8 տարեկանից, երբ նոր էի դուրս եկել բեմ: Ես ունեմ շատ հին տեսանյութեր, դրանք տեսել են միայն իմ մտերիմները եւ փաստել են, որ առանձնապես ոչինչ չի փոխվել իմ արտաքինի մեջ. մնացել եմ այնպիսին, ինչպիսին եղել եմ:

4

-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր եւ Ձեր երկրպագուների հարաբերությունները: Գիտենք, որ աղջիկները հաճախ են ուզում Ձեզ հանդիպել, ինչպե՞ս եք անում, որ նրանց չնեղացնեք:

-Ինձ երբեմն գրում են նման հարցերով, իսկ ես փորձում եմ չպատասխանել, քանի որ նրանք շատ են, իսկ ես միայն մեկն եմ. չեմ կարող բոլորին հանդիպել. նրանց հետ կարող եմ հանդիպել միայն երգի միջոցով (ծիծաղում է): Իսկ Ձեր ասած հանդիպումներին երբեւէ չեմ գնացել, ու չէի գնա, եթե անգամ երգիչ չլինեի, քանի որ այդ հանդիպումները հատուկ բաների համար են լինում, իսկ ես հատուկ բաներ չեմ սիրում (ծիծաղում է):

-Թեեւ Դուք հաջող կարիերա եք ունեցել, տարիներ շարունակ տարբեր մրցանակաբաշխությունների շրջանակներում ճանաչվել եք տարվա լավագույն երգիչ, այնուամենայնիվ, եղե՞լ է մի պահ, երբ հիասթափվել եք Ձեր ոլորտից եւ ցանկացել եք թողնել ամեն ինչ:

-Ես կլինեմ անկեղծ. ինձ մոտ նման պահ եղել է «Նոր ալիք» մրցույթից առաջ: Եվ հենց այդ մրցույթը «հեղափոխական» դարձավ եւ օգնեց, որ կրկին հավաքեմ ուժերս: Ես եկել էի Երեւան լավ երաժշտության, լավ երգեր երգելու համար, եկել էի, որպեսզի ինձ գնահատեին այնպիսին, ինչպիսին ես կամ, սակայն ամեն բան շատ արագ փոխվեց, դարձավ միատոն, միանման եւ միաժանր: Այդ ժամանակ ես հասկացա, որ չեմ ուզում դառնալ յուրաքանչյուր, եւ եկավ մի պահ, երբ ուզում էի հեռանալ, գնալ ուրիշ երկիր, գուցե զբաղվել ուրիշ գործով, բայց չերգել այն, ինչ ստիպում են: Իսկ «Նոր ալիք»-ից հետո հասկացա, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք ունենք հանդիսատես, որին պետք է գրավել: Փառք Աստծո, հիասթափության այդ օրերը վաղուց արդեն ետեւում են, եւ ամեն ինչ իր տեղն է ընկել…

5

Լուսանկարները` Bravo.am

Աննա Բաբաջանյան




Լրահոս