Այս օրերին Գյումրու փողոցներում կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր մոտենալով պատահական անցորդների՝ կոչ են անում. «Միացե՛ք եւ Դուք, գնե՛ք թեկուզ մեկ տոմսակ եվ դրանով Ձեր ներդրումն ունեցեք այս գաղափարին: Բացիկի արժեքն է ընդամենը 500 դրամ»:
Այս նախաձեռնության հեղինակների նպատակը մեկն է՝ Գյումրիում ստեղծել կինոկենտրոն, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց կինոկենտրոնի ստեղծման գաղափարի հեղինակ, ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանը:
«Կինոկենտրոնը կարող է ֆինանսական շահույթ չապահովի, քանի որ աշխատելու է ոչ կոմերցիոն ֆիլմերի հետ: Մարդիկ ցանկություն ունեն ստեղծագործել կինոարվեստի բնագավառում, հնարավորություն կստանան ստեղծագործելու: Կան ռեժիսորներ, սցենարիստներ, ունեն իդեաներ, որոնք չեն կարող իրագործել, դա ավելի շատ վերաբերում է երիտասարդներին, քանի որ ֆինանսական միջոցներ են պետք` լույսեր, ձայնային տեխնիկա, տեսախցիկներ եւ այլն: Կինոկենտրոնն այդ հնարավորությունը կարող է տալ, կենտրոնը կտրամադրի տեխնիկա, մարդկային ռեսուրսներ»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Սերգեյ Հայրապետյանը՝ ավելացնելով, որ Գյումրին այսօր ունի կինոկենտրոնի անհրաժեշտությունը, քանի որ կա հիանալի ստեղծագործող սերունդ, իսկ այդ սերունդը մեր երկրում ստեղծագործելու շատ սահմանափակ պայմաններում է հայտնվել, ստիպված շատերը թողնում են երկիրը, քաղաքը կամ զբաղվում առեւտրով:
Ի դեպ, նկատենք, որ հետաքրքրվածությունը բավականին մեծ է, եւ ինչպես Սերգեյ Հայրապետյանն ասաց` հաճելիորեն զարմացած են, քանի որ գաղափարի իրագործմանը միանում են տարբեր խավերի եւ տարբեր տարիքի մարդիկ` ուսանողներ, մտավորականներ, դասախոսներ, առեւտրականներ, վարորդներ, շարքային քաղաքացիներ, պաշտոնյաներ եւ գործարարներ:
Իսկ այն տեղեկություններին, թե Գյումրիում առավել հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ կան, քան կինոկենտրոնի գաղափարը, ու կարելի է այլ ծրագրերի մասին մտածել, որը գյումրեցիներին ավելի շատ օգուտ կբերեր, ռեժիսորը պատասխանեց. «Ես իմ ոլորտից ուշացած մի գաղափար եմ փորձում իրագործել, բոլոր ոլորտներում եթե նախաձեռնողներ ունենայինք, կունենայինք համաչափ զարգացած քաղաք»: Մեր զրուցակիցը վստահ է, որ իրեն աջակցողների դեպքում իրենք շատ շուտ կունենան այն, ինչը տարիներ շարունակ գյումրեցիները երազել են:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի