Էլեկտրաէներգիայի թանկացմամբ մսամթերքն էլ կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանն ընդառաջ տեղական արտադրողներն արդեն իսկ բարձրաձայնում են, որ դրա արդյունքում կբարձրանան նաեւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Մասնավորապես, առաջնահերթ կթանկանան այն ապրանքատեսակները, որոնց արտադրության ընթացքում մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է օգտագործվում: Տվյալ դեպքում խոսքը հացամթերքի, պահածոների, կաթնամթերքի, մսամթերքի, այդ թվում նաեւ երշիկեղենի եւ մի շարք այլ ապրանքների մասին է:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: ՀԷՑ-ն առաջարկում է սպառողներին մատակարարվող 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանել 58 դրամ 93 լումա՝ ներկայումս գործող 41 դրամ 85 լումայի փոխարեն: Իսկ գիշերային սակագինն առաջարկում են դարձնել 48 դրամ 93 լումա՝ գործող 31 դրամ 85 լումայի փոխարեն:

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Սիմիրամ» ընկերության տնօրեն Հարություն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով էլէներգիայի հնարավոր թանկացմանը, վրդովված նկատեց, որ այն ծանր հետեւանք կթողնի ե՛ւ ընկերությունների գործունեության, ե՛ւ բնակչության գրպանի վրա: «Մենք դեռ համապատասխան հաշվարկները չենք կատարել, որպեսզի հստակ ասենք, թե որ արտադրանքը որքանով կթանկանա: Իսկ արտադրանքի թանկացումն անխուսափելի կլինի: Ճիշտ է, չեմ կարող ասել, թե քանի տոկոսով կթանկանա, բայց հաստատ կթանկանա, որն էլ կհարվածի ոչ միայն մեր, այլեւ քաղաքացիների գրպանին»,- ասաց Հարություն Հակոբյանը: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք հնարավո՞ր է էլէներգիայի գինը թանկանա, սակայն ընկերությունն իր շահույթը նվազեցնելու հաշվին արտադրանքի գին չբարձրացնի: Հարցին մեր զրուցակիցը դժվարացավ կոնկրետ պատասխանել: «Տվյալ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դեռ չենք ուսումնասիրել, քննարկել»,- ասաց նա: Նշենք, որ այս ընկերությունն իր արտադրանքն ամբողջությամբ իրացնում է Հայաստանում:

«Մարիլա» ընկերությունից, որը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահե Հակոբյանին, «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ էլէներգիայի սակագնի թանկացումը կոնկրետ իրենց ընկերության գործունեության վրա բացասական ազդեցություն չի թողնի: «Այդ ինչպե՞ս կարող է թանկանալ: Այս պահի դրությամբ դեռ չի թանկացել էլէներգիան, ես ինչպես կարող եմ ասել՝ արտադրանքը կթանկանա՞, թե՞ ոչ: Դեռ պետք է մանրամասն ուսումնասիրենք, հասկանանք, հետո խոսենք»,- նշեց «Մարիլա»-ի տնօրեն Արշակ Ուստաբաշյանը:

Ի դեպ, մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ, որ հնչեցվի իր եւ ընկերության անունը, ասաց՝ էլէներգիայի թանկացմամբ կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում նաեւ՝ մսամթերքը: «Տխուր կլինի: Եթե ընկերությունները կրճատեն իրենց աշխատողներին, բնականաբար ժողովրդի ձեռքի գումարն էլ կպակասի, հետեւաբար մեր առեւտուրն էլ կթուլանա: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է: Ամեն դեպքում, մեր ժողովուրդն ամեն ինչին սովորում է. նրանց եթե հացից ու ջրից զրկեն, միեւնույն է՝ խոտ կուտեն ու կապրեն: Մի բան կլինի: Աստված եթե դուռը փակում է, ապա պատուհան է բացում»,- ասաց անանուն մնալ ցանկացած գործարարը:

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները նշեցին նաեւ, որ այս ընթացքում իրենք որոշ դժվարություններ ունեն՝ կապված ռուսական շուկայում ստեղծված անկայունության, ռուբլու արժեզրկման եւ արտահանման հետ: Տեղեկացնենք, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արդեն 7 տարի է, ինչ միս, մսամթերք չի արտահանվում: Արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում ավելացնել իրենց արտադրության ծավալները: Սրան զուգահեռ ներքին շուկայում եւս նվազել է մսամթերքի սպառումը, ինչը իրավիճակը ավելի է բարդացնում:

Ի դեպ, ըստ գործարարների՝ անցած տարվա վերջին ստեղծված վիճակի պատճառով մսամթերքի մի քանի արտադրամասեր արդեն իսկ փակվել են: Դրանց մեջ եղել են նաեւ տարիների պատմություն ունեցող արտադրամասեր: Մինչդեռ յուրաքանչյուր արտադրամաս 40-50 աշխատողի, նույն է թե՝ ընտանիքի ապահովում է ապրուստի միջոցով: Իսկ ՀՀ ղեկավարությունը շարունակում է պնդել, որ Հայաստանի տնտեսությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս