Սննդային թունավորում Արարատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16-17-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա։ Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, ում մոտ թեկուզ շատ թեթև ախտանշաններ կան։ Արդյունքում, ժամը 17-18-ին հիվանդանոց է տեղափոխվել ևս 6 երեխա։ 3-4 տարեկան տասը երեխան առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն են ուղարկվել։ Նրանց վիճակը շարունակել է հսկել գյուղի ընտանեկան բժիշկը։ 
Գիշերը երեխաներն անց են կացրել հանգիստ, այժմ նրանց վիճակը գնահատվում է նորմալ։  Հիվանդանոցում մնացած երեք երեխային ցույց է տրվել անհրաժեշտ բժշկական օգնություն։ Երեկ ժամը 22-ի դրությամբ նրանց վիճակն արդեն գնահատվում էր նորմալին մոտ։ Այսօր նրանցից 2-ը դուրս է գրվել հիվանդանոցից։ Մեկի մոտ թեև թունավորման նշաններ այլևս չկան, սակայն շարունակում է բուժվել սուր շնչառական վիրուսային հիվանդության կապակցությամբ։ 
Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները Արարատ գյուղի մանկապարտեզ հաճախող 3-6 տարեկան երեխաներն են: Երեխաները ունեցել են սրտխառնոց, փսխում, որոնք առաջացել են սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, և վարակի գաղտնի շրջանի տևողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունավորմանը:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու և հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ և լաբորատոր հետազոտություններ:  Նոր դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը վերահսկվում է:




Լրահոս