ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների պատվաստումների ընթացքով:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն «Մեծամորի հիվանդանոց» և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել են Մեծամորի հիվանդանոցին, իրականացվել է ներքին օպտիմալացում։
Մեծամորի պոլիկլինիկայի չգործող մասնաշենքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէր իրականացնել: Որոշվել էր պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքի առաջին հարկի չօգտագործվող 460 քմ տարածքում` հնարավորություն ստեղծելով հիվանդներին մատուցել որակյալ և համալիր բժշկական ծառայություններ մեկ վայրում:
Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին:
Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ. հուլիսին և ավարտվել 2015թ. հունվարին: Այնուհետև ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից պոլիկլինիկան հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով:
Ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 83,4 մլն ՀՀ դրամ։
Հիմնանորոգված և վերազինված պոլիկլինիկայի 20 սենյակում աշխատում են ԱԱՊ և նեղ մասնագետները, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը։
«ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության քաղաքականությունն է զարկ տալ առաջնային բուժօգնությանը։ Մեծամորի պոլիկլինիկայի բացումը համահունչ է իրականացվող այդ ծրագրերին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ նորաբաց պոլիկլինիկան հագեցած է գերձայնային, լաբորատոր եզակի, այլ պոլիկլինիկաներում քիչ հանդիպող ժամանակակից սարքավորումներով:
Նախարարի գնահատմամբ արդիականացումը հնարավորություն կտա պատշաճ մակարդակով իրականացնել շուրջ 20 հազար բնակչության բժշկական սպասարկումը, ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար իրականացվող կանխարգելիչ բժշկական զննությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված սկրինինգային ծրագրերը:
Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ նաև հանրային առողջապահական այլ ծրագրերի:
Արմեն Մուրադյանը խոսեց նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին միտված «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին:
«Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը շատ դժվար է, ուստի անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցություն թե՛ առողջապահության ոլորտի պատասխանատուների, թե՛ բուժաշխատողների, թե՛ լրատվական միջոցների միջև»,-ընդգծեց նախարարը:
Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարն այցելեց Ակնալճի ամբուլատորիա, որը սպասարկում է համայնքի 2933 ազգաբնակչությանը:
Դեռ 2006թ. ամբուլատորիան հագեցվել էր առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Ամբուլատորիան տեղակայված էր 1971թ կառուցված մեկ հարկանի շենքում և զբաղեցնում էր մոտ 250 մ2 տարածք (12 սենյակ): Նույն շենքում տեղակայված էր փոստը, իսկ մեկ հատվածը բնակեցված էր: Վերջին տարիների ընթացքում հիմնովին չէր վերանորոգվել: Ամբուլատորիայի ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը չէին գործում, հատակը և տանիքը վնասված էին:
Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք: Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում, 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին:
Նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականի ապրիլին և ավարտվել 2014 թվականի նոյեմբերին: Ընդհանուր ներդրումը՝ շուրջ 50,3 մլն ՀՀ դրամ։