Գագիկ Խաչատրյանը` Սամվել Ալեքսանյանի և Սաշիկ Սարգսյանի բիզնեսների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր, որ իրենք ամեն ինչ անելու են ստվերի դեմ պայքարելու և բոլորին հարկային դաշտ բերելու համար: Այսօր խորհրդարանում լրագրողները Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ստվերի դեմ պայքարի ինչ արդյունքներ կան:

«Ստվերի գնահատականը Ֆինանսների նախարարության ֆունցիաների մեջ որպես այդպիսին չի մտնում, դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են»,- նշեց նա, իսկ որպես ոլորտ բերեց  բջջային օպերատորներին և առևտրի ոլորտը:

«Հարկային ստոգումների արդյունքում «Արմենթել» ընկերությանը տուգանել ենք 4 միլիարդ դրամով, իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին` 16 միլիարդի կարգի: Մենք ունենք 350 միլիարդի հարկային վնասներ ներկայացրած ընկերություններ, որը իջեցրել ենք 150 միլիարդով, հիմա դա լավ ա, թե վատ ա: Հիմա, որ դուք գաք, ուսումնասիրեք, կհասկանաք, որ մի օրում, մի տարում հնարավոր չէ հազարավոր ձեռնարկությունների հետևից գնալ և ստուգումներ անել»,- շարունակեց Խաչատրյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սամվել Ալեքսանյանին և Սաշիկ Սարգսյանին որքանո՞վ է հնարավոր եղել հարկային դաշտ բերել, վերջինս էլ նշեց, որ միայն հսկիչ դրամարկղային խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տուգանվել և նրանցից գանձվել է 250 միլիոն դրամ. «Որ ասեք Ալեքսանդր Սարգսյանը ի՞նչ բիզնեսներ ունի ես կասեմ… չունի որևէ բիզնես»,- նշեց  Խաչատրյանը:

Հարցին, թե ի՞նչ գիտեք, որ չունի, Խաչատրյանն արձագանքեց. «Ես այնքան բան գիտեմ, բայց պետք ա ստիպեք, որ ասեմ»:




Լրահոս