Հունիսի 1-ին կենդանաբանական այգի երեխաների մուտքը կլինի անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը,  առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտանբերվել և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 7 դեպքի մասով: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ զուգահեռ քայլեր ձեռնարկելով փողոցներում և մայթերին կայանած ավտոմեքենաների ապօրինի առևտուրը բացառելու ուղղությամբ:

Նախապես հաստատված ժամանակացույցով բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները: Նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են կազմակերպվել հիմնականում բակային տարածքներում: Զեկուցվել է, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի մասով 51 արձանագրություն է կազմվել: Գործընթացի հետ կապված հանձնարարվել է մեկ անգամ ևս իրազեկել հանրությանը ինչպես գործող կարգի, այնպես էլ այն չպահպանելու դեպքում կիրառվող տույժերի մասին: Հանձնարարվել է նաև հատուկ հսկողություն սահմանել բնակչության կողմից գետերի հուների և ջրանցքների աղտոտումը կանխելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքներին տեղում  ծանոթանալու նպատակով ստուգայցեր են կազմակերպել վարչական շրջանների երկրորդական և երրորդական փողոցներում: Արդյունքում 6 օբյեկտների նկատմամբ կազմվել է համապատասխան վարչական  արձանագրություն:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման գործընթացին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի անցկացման, սիզամարգերի ձևավորման, բուժման նպատակով ծառերի սրսկման աշխատանքները: Ծաղկապատման մասով նշվել է, որ վարչական շրջանների համապատասխան տարածքներ է տեղափոխվել արդեն 800 հազար ծաղիկ:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 8 դեպք, թվով 6 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Եվս 8 դեպք է արձանագրվել շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման մասով: Այս ուղղությամբ ևս հանձնարարվել է խստացնել հսկողությունը, նաև ուշադրության կենտրոնում պահել շինհրապարակներից դուրս եկող մեքենաների մաքրությունը:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 298 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 216-ին համապատասխան լուծում կամ պատասխան է տրվել, իսկ մնացածն առայժմ կատարման ընթացքում է:

Զեկուցվել է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Այդ օրը առավոտյան ժամը 11:00-ից Ազատության հրապարակը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, այնուհետ կանցկացվի մանկական տոնական համերգային ծրագիր և մարզական տոնահանդես: Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը կլինի անվճար: Ժամը 10:00-14:00-ը Հաղթանակ զբոսայգու և Մանկական երկաթուղու ավելի քան 20 ատրակցիոններ նույնպես երեխաների համար կգործեն անվճար: Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Երեկոյան Կարապի լճի տարածքում կտեղադրվի ավանդական դարձած էկրանը, որին կցուցադրվեն հայկական մուտֆիլմեր:




Լրահոս