Հեղինակ-կատարող ՆԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կարծում է, որ համեստությունը կփրկի աշխարհը, դրա համար էլ անհամեստ պահվածք չի դրսեւորում ու տարվա մեջ 10 տեսահոլովակի փոխարեն նկարահանում է մեկը կամ երկուսը: Երգչուհին նաեւ չգիտի, թե որն է պատճառը, որ իրեն խմբակային համերգներին չեն հրավիրում:
-Ինչո՞ւ չեք փորձում ավելի շատ երեւալ, ներկայացնել Ձեր արվեստը: Երեկվա կատարողն այսօր արդեն ունի 10 տեսահոլովակ, իսկ Դուք մի տեսակ համեստ եք Ձեզ դրսեւորում:
-Ինձ այդպես են դաստիարակել, ես համոզված եմ` համեստությունն է փրկում աշխարհը: Նախ՝ չի կարելի մարդկանց զզվացնել, հետո էլ եթե շատ տեսահոլովակ նկարեմ, ի՞նչ: 1-2 տեսահոլովակ տարվա մեջ նորմալ եմ համարում: Որ ասեմ՝ ֆինանսական խնդիր ունեմ, չեմ կարող նկարել, սուտ կլինի: Ձեզ անկեղծ կասեմ, երբ ինձ եթեր են կանչում, իրենք էլ հենց նշում են, որ իմ գրած երգերը մեկը մյուսից հիթ են դառնում, բայց, չգիտես ինչու, ցույց չեն տալիս: Ես այդ պարադոքսը չեմ հասկանում: Այսօր կարող են 24 ժամ քննադատել տարբեր հեղինակների, նրանց անգրագետ գրված խոսքերը, գողացված այլազգի երաժշտությունը, բայց 24 ժամ ցույց տան այդ նույն երգերը: Երբ ինձ մի անգամ եթերում ասացին՝ ինչից է, որ Ձեր երգերն այդքան տարբերվող են, բայց Դուք եթերում քիչ եք երեւում, ես էլ շրջվեցի ու ասացի՝ եթե այդքանը հասկանում եք, ինչո՞ւ ցույց չեք տալիս իմ երգերը:
-Եւ ի՞նչ պատասխան ստացաք:
-Պատասխանը ստացա հաղորդումից հետո շատ լուրջ մարդուց, գիտեք ի՞նչ ասաց. “Գունավորը որ ցույց տվեցինք, հետո սեւ ու սպիտակն ինչպե՞ս ցուցադրենք”:
-Այդ դեպքում ինչո՞ւ են հիմարացնում հեռուստադիտողին:
-Շատ ճիշտ բառ ասացիք, մարդկանց հիմարացնում են, չի կարելի: Հավատացե՛ք, մենք ունենք շատ լավ հեղինակներ, խոսքս նրանց մասին չէ, որոնց երգերը անընդհատ պտտվում են եթերում: Պարզապես նրանք ստվերում են, նրանց անուններն անգամ չգիտեն:
-Զարմանալի բան է ստացվում. ովքեր հեռարձակման համար գումար չեն վճարում, նրանց տեսահոլովակները շատ արագ են անհետանում եթերից:
-Այո՛, հենց այդպես էլ լինում է: Սուտ է, որ այսօր հայկական էստրադայում չկան լավ հեղինակներ, ամեն ինչ էլ ունենք, ուղղակի թույլ չեն տալիս, որ նրանք եթերում լինեն:
“Հանուն սիրո” սերիալի սաունդթրեքը ես եմ գրել, երգը կատարել է Լիանան: Ինտերնետով ու տարբեր սոցհարցումներով այդ երգն առաջին տեղում էր որպես սերիալների սաունդթրեք: Բայց Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ այդ երգն անգամ չկար անվանակարգերում:
Ես ո՛չ նեղանում եմ, ո՛չ էլ նեղվում: Ուղղակի մի բան չեմ հասկանում, եթե քննադատում եք, որ սա լավը չէ, նա լավը չէ, այդ դեպքում ինչո՞ւ եք ցույց տալիս:
-Ձեզ չենք նկատում նաեւ խմբակային համերգներին:
-Չգիտեմ՝ պատճառն ինչ է: Ես ոչ էլ շփվել եմ կազմակերպիչների հետ ու երբեւէ ինձ թույլ չեմ տվել հարցնել՝ իսկ ինձ ինչո՞ւ չեք հրավիրում, կամ գնամ խնդրեմ, շողոքորթեմ, որ ինձ ինչ-որ տեղ հրավիրեն: Մեր ջազի լեգենդը` Լեւոնը Մալխասյանը, երբ գալիս է մեզ մոտ, ասում է՝ երբ դու երգում ես, ես սկսում եմ դողալ, ամբողջ մարմինս փշաքաղվում է, դու ո՞վ ես: Ինքն ինձ նաեւ խնդրել է երաժշտություն գրել, որ իմպրովիզացիա անի:
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինձ համար ինչ էր, երբ մարդիկ իրեն պետք է խնդրեն: Ինձ մի բան ասաց, որը շատ հուզեց: Ասաց՝ ես այս ասպարեզում շատ ծանոթ երգահաններ ունեմ, բայց նրանք, ու ձեռքով ցույց տվեց գլուխը, ուղեղով են գրում, ոչ հոգով, ինչպես դու: Դրա համար էլ ես ուզում եմ, որ դու գրես:
-Կատարելո՞ւ եք պարոն Մալխասյանի խնդրանքը:
-Իհարկե, ես նրան նույնիսկ ասացի՝ Դուք ինչ պետք է` պարզապես ասեիք, ու ես մեծ սիրով կգրեի: Ի դեպ, պարոն Մալխասյանն էլ ինքնուս է, ինձ նման: Իմիջիայլոց, գիտե՞ք՝ ինչքան տաղանդավոր երաժիշտներ ունենք, որ երաժշտական կրթություն չունեն` կիթառահար Կարո Սարաֆյանը, կլառնետիստ Եղիշեն… Համաշխարհային աստղերից Կառլոս Սանտանան 40 տարեկանում է ինքնուս սկսել նվագել:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ