ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող փոքրիկներին: Նախարարը հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց բուժանձնակազմի և երեխաների ծնողների հետ:
Բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշեց, որ այս պահին բուժում է ստանում 3-6 տարեկան 14 երեխա։ Բոլորի առողջական վիճակում առկա է դրական տեղաշաժ և արդեն դուրս են գրվում:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը ասաց, որ բռնկման դեպքերի պատճառների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարներին, այնպես էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։
«Հաստատվել է «շիգելլա զոնե»` դիզենտերիա հիվանդությունը, ինչը վկայում է երկրորդային կենցաղային ախտոտվածության մասին»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարն անդրադարձավ նաև մանկապարտեզներում և դպրոցներում ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշման մեջ կատարված լրացմանը, որի արդյունքում ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը կկարողանա օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնել, ինչը հնարավորություն կտա կանխարգելելու նախկինում արձանագրված դեպքերը:
Նշենք, որ Արմավիրի մարզում արձանագրված վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ, ուսումնասիրվել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիրի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում: