2013 թվականի դեկտեմբերի 18-ին Քնարիկ Հ.-ն ահազանգ է տվել ոստիկանության Կոտայքի բաժին այն մասին, որ նույն օրը անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դռան երկու փականներից մեկը, իսկ մյուս փականը չի կարողացել բացել՝ հարմարեցված բանալին կոտրելով փականի միջուկի մեջ:
ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք, ինչի արդյունքում առերևույթ էական վնաս է պատճառվել Քնարիկ Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հետագայում քրեական գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն: