Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսեւորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրում է այաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
“Թոմաս Հոբսը իր “Լեվիաթան” (1651) աշխատությունում գովերգում է միահեծան եւ ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: “Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան եւ անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս”:
Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում է, որ մարդկանց խառնվածքը եւ բնավորությունը ձեւավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ եւ հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության եւ սեփականության: Իշխանության գոյության եւ գործունեության իմաստը եւ նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, եւ ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել:
Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա:
Հայաստանի սահմանադրության հիմքում դրված Լոկի սկզբունքները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ փոփոխությունների ճանապարհներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, որի պարագայում առավել մեծ հնարավորություններ կլինեն քաղաքական համակարգում ստեղծելու հակակշիռներ, առավել թափանցիկ որոշումներ կայացնելու եւ մեծացնելու որոշում կայացնողների պատասխանատվության բեռը:
Քաղաքական այն համակարգը, որն իր մեջ չի պարունակում հնարավոր ճգնաժամի սերմերը, չի կարող լինել արդար եւ արդյունավետ: Այսօր մեր համակարգից դա իսպառ բացակայում է: Միայն քաղաքական ճգնաժամերով անցած համակարգը կարող է զարգանալ եւ կատարելագործվել՝ դրանով իսկ առավել ուժեղ դարձնելով պետությունը:
Մեզ մոտ ուժի եւ իշխանության ընկալումն ու սահմանումը նույնպես հոբսյան է, որը խեղաթյուրում է օրինական ուժի եւ իշխանության ժամանակակից հասկացողությունը: Իշխանության ուժը գալիս է ժողովրդից եւ օրինակարգությունից, այլ ոչ թե վախից եւ ուժային կառույցներից:
20-րդ դարում ամենակարեւոր տրանսֆորմատիվ իրադարձությունները տեղի են ունեցել այնպիսի մարդկանց միջոցով, որոնց ո՛չ արտաքինը, ո՛չ էությունը, ո՛չ գործունեությունը ուժի որեւէ դրսեւորում չեն ունեցել: Գանդին պայքարել եւ հաղթել է մի ամբողջ Բրիտանական կայսրության, Մարտին Լյութեր Քինգը՝ խտրականությանը ԱՄՆ-ում, իսկ Նելսոն Մանդելան՝ապարտեիդին Հարավային Աֆրիկայում: Նրանց հաջողության գրավականն ընդամենը եղել է նրանց դատի արդարությունը, ազնվությունը եւ, իհարկե, ժողովրդի ուժը:
Հաճախ է ասվում, որ մեզ պետք է այնպիսի ուժեղ նախագահ, որը կարողանա ձեռքը խփել սեղանին եւ հարցեր լուծել: Ես բացարձակապես դեմ եմ այդ մտքին: Մեզ պետք է այնպիսի քաղաքական համակարգ, որը երբեք թույլ չի տա՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ “ուժեղ մարդը” ձեռքը խփի սեղանին եւ հարց լուծի: