Գիշերային ժամերին բնակարաններից գողության դեպքերի թվի աճ կա: Այս մասին բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք թա՞նկ հաճույք է գիշերային հերթափոխությունը:
«Թանկի և էժանի խնդիր չկա, շահագործվող տրանսպորտային միջոցների, վառելիքի խմբաքանակի ապահովման հարցն է»,-նշեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նա հավելեց, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ բնակարանային գողությունների թիվը կտրուկ նվազել է:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում և հենց այստեղ է նկատել վերջին օրերին մի քանի գողության դեպք գիշերային ժամերին, իսկ երբ ոստիկանները մեքենաներով գիշերները հսկում էին, դեպքեր չկային:
Վարդան Եղիազարյանն էլ նշեց, որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ 239-ով նվազել են բնակարանային գողությունները, Երևանում՝ 214-ով, հիմնական նվազումը եղել է հենց Երևանում: