1 տարում ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 1503 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3934 անձ, որից 1220-ը կալանավորված անձինք են, իսկ 2814-ը դատապարտյալներ են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 3913 անձ, որից 1046-ը կալանավորված անձինք են եղել, իսկ  2867-ը՝ դատապարտյալներ:

Անցյալ տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլը քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 1503 անձ:

Հիշյալ ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել է 1841,36 լ ոգելից խմիչք, 186,58878 գրամ թմրամիջոցներ, 4510  միավոր կտրող-ծակող գործիքներ, 345200 դրամի գումար ու արժեքավոր իրեր, 2683 բջջային հեռախոսներ: Հաշվետու ժամանակահատվածում ստացիոնար բուժում են ստացել անազատության մեջ գտնվող 1163 անձինք, ամբուլատոր ընդունելության են դիմել 78147 անձինք, տուբերկուլյոզով հիվանդները  37-ն են եղել, իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով՝  27-ը:

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարան է ներկայացվել ՀՀ կառավարության թվով 25 դիրքորոշում, որից 2-ը որպես երրորդ կողմ ներգրավված գործով: Ընդ որում, այդ թվի մեջ չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված` արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության թվով 15 դիրքորոշումներ:

Նույն ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված նաև 4 նոր գանգատներ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրորոշման ներկայացման համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետներն ավարտվում են 2015 թվականի ընթացքում: Նշված գանգատների առնչությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:




Լրահոս