«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ նախագահի ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Ր. Հովհաննիսյանի այս հայտարարությունն իր կուսակիցների համար եղել է անակնկալ. մինչ այդ նա այս թեման չի քննարկել ԺԿ-ում, եւ որեւէ մեկը տեղյակ չի եղել նրա քայլերից: Ավելին, «Ազատ դեմոկրատներ»-ի հետ աղմկալի ապահարզանից հետո նույնիսկ մի պահ նա կարծես թե հրաժարվել էր առաջադրվելու մտքից: Ավելին, ինչպես պնդում են նույն աղբյուրները, Րաֆֆին ԱՄՆ դեսպանի միջոցով մասնակցել է բանակցությունների ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հետ՝ նրան որպես ընդդիմության միասնական թեկնածու դարձնելու ծրագրի շրջանակներում: Բայց, ինչպես միշտ, հերթական անգամ նա փոշմանել է: Ու հիմա պետք է արձանագրենք, որ երկրի նախագահ դառնալու հայտ է ներկայացնում մի անձնավորություն, որն իր միամտության ու դյուրահավատության շնորհիվ վերջերս հայտնվեց քաղաքական սկանդալի կիզակետում, երբ պարզվեց, որ հավատացել էր, մեղմ ասած, «անհուսալի գործընկերոջ» համբավ վայելող ԱԴԿ նախագահ Խաչիկ Քոքոբելյանի «տղամարդկային խոսքին», ԱԺ ընտրություններից առաջ պայման կապել նրա հետ: Ընդ որում, հերթական անգամ նա այդ քայլին գնացել էր ինքնագլուխ՝ առանց կուսակիցների կարծիքը հարցնելու կամ նրանց տեղյակ պահելու:
ՐԱՖՖԻՆ ՏԱՊԱԼԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ