ԳՈՐԾԸ ՓԼՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որով ըստ էության հօդս է ցնդեցրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին պնդումները: Եթե հիշում եք, մայիսի 16-ին ԱԱԾ-ից ծանուցագիր ստանալուց անմիջապես հետո Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ սա քաղաքական պատվեր է` ուղղված իր դեմ: Անցած 6 ամիսների ընթացքում էլ նրա կայքը, թերթը, ԲՀԿ-ականների ողջ մեդիառեսուրսը լծված էին Օսկանյանից քաղաքական հալածյալի կերպար ձեւավորելու գործին` ամեն հնարավոր առիթով շեշտելով, որ Օսկանյանի նկատմամբ հետապնդումները սկսվեցին ճիշտ այն բանից հետո, երբ նախկին արտգործնախարարը որոշեց մտնել  քաղաքականություն: Անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը մի քանի անգամ շեշտեց, որ իրենց համար մտահոգիչ է այն ժամկետը, երբ սկսվեց այդ գործընթացը: Այսինքն՝ այս ողջ ընթացքում Օսկանյանի կողմնակիցների հիմնական փաստարկը «հետապնդումների» ժամկետն էր: Սակայն երեկ տարածած իր հայտարարությամբ «Սիվիլիթաս»-ը ջախջախեց այդ փաստարկը` նշելով, որ այդ հետապնդումները Օսկանյանի նկատմամբ սկսվել են դեռ 2009 թվականից:  Ու, որպես ապացույց, հաջորդիվ ներկայացված են այդ հիմնադրամի մի աշխատակցի աշխատանքային պայմանագրի չերկարաձգելը ԵՊՀ-ում, մեկ այլ` ընդամենը մի քանի ամիս աշխատած խմբագրի հետ պայմանագրի ավարտը Մանկավարժականում … եւ այլն: (Ի դեպ, այս վերջին աշխատակցից հենց նույն «Սիվիլիթաս»-ում էին ցանկանում ազատվել տեւական ժամանակ): Ափսոս, որ «Արմքոմեդի»-ի Նարեկն ու Սերգեյը հեռացան «Սիվիլիթաս»-ից, թե չէ «հետապնդվողների» ցուցակն ավելի ճոխ կլիներ. տղաների հետ եւս Բրյուսովում դասախոսական պայմանագրերը չեղյալ արվեցին:
Ինչ վերաբերում է հայտարարությունում ներկայացված մնացած փաստարկներին` առեւտրային բանկի խորհրդի անդամությունից զրկելու կամ էլ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի դադարեցմանը, ապա Օսկանյանը պետք է որ գոհ ու շնորհակալ լինի իշխանություններից (եթե, իհարկե, նրանք դրանում որեւէ դեր են ունեցել), քանի որ այդպիսով նվազեցրել են Օսկանյանի` փողերի լվացման գործունեության հնարավոր շրջանակը: «Մինչ այսօր մենք այս մասին չենք բարձրաձայնել, որովհետեւ, ի տարբերություն  Հայաստանի իշխանությունների, չենք ցանկացել, որ երկրի նկատմամբ բացասական ընկալումները խորանան»,-եզրափակում են սիվիլիթասականները:
Անկեղծ ասած` լավ կլիներ, որ Օսկանյանի կողմնակիցները խելամիտ գտնվեին եւ շարունակեին չբարձրաձայնել այդ մասին, քանի որ ասվածից անմիջապես հետո առաջանում է հարցը` բայց չէ՞ որ Օսկանյանը 2009-ին դեռ քաղաքականություն չէր մտել, այդ դեպքում ինչպե՞ս կարող էին քաղաքական հետապնդումներ լինել քաղաքականությամբ չզբաղվող մարդու նկատմամբ:




Լրահոս