ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐ, ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ` ՏՈՒԺՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դատավարությունը երեկ ուղեկցվեց բողոքի ակցիայով: Դատարանի մոտ էին հավաքվել ոչ միայն ՀԱԿ, այլեւ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանն էլ դատավարությանը հետեւում էին հենց դատարանի դահլիճում:
ԲՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Նարեկ Վանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ անկախ երիտասարդների քաղաքական հայացքներից՝ իրենք անհանգստացած են նրանց ապագայով: Ակցիայի մասնակիցները երեկ իրենց ելույթներում դատապարտել են ՀԱԿ ակտիվիստների հանդեպ տեղի ունեցող քաղաքական հալածանքները, պահանջել արդարացնել նրանց, իսկ կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանին էլ ազատ արձակվել:
Մինչ այդ, բավական լարված է եղել մթնոլորտը դատարանի դահլիճում: ՀԱԿ ակտիվիստների փաստաբաններից Վահե Գրիգորյանը նախ հայտարարեց, որ ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված  բանաձեւը սահմանում է  քաղբանտարկյալ տերմինը, այն է. «Անձնական ազատությունից զրկված անհատը համարվում է քաղբանտարկյալ, եթե նրա նկատմամբ կալանքը կիրառված է մարդու իրավունքների հիմնարար ազատությունների  պաշտպանության կոնվենցիայով, եթե կալանքը կիրառվել է բացառապես քաղաքական նկատառումներով, որեւէ հանցագործության հետ կալանավորի առնչության բացակայությամբ»: Ըստ Գրիգորյանի՝ ԵԽԽՎ-ն ԵԽ անդամ երկրներին կոչ է անում վերանայել հավանական քաղբանտարկյալների գործերը կամ վերսկսել դրանց նկատմամբ դատական վարույթները: Եւ նա միջնորդություն ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու համար:
Տ. Առաքելյանն էլ ասաց, որ իր գործին են վերաբերում օրերս դատաիրավական համակարգի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտահոգությունները: «Դատախազության թողտվությամբ տուժողները դարձել են մեղադրյալներ, մեղադրյալները` տուժող»,-հայտարարեց նա: Սակայն մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը չհամաձայնեց՝ ասելով, թե միջնորդությունն անհիմն է ու ենթակա է մերժման: Ու մինչ դատարանը կհեռանար խորհրդակցական սենյակ, դատախազի պահվածքը պարզապես հունից հանեց դահլիճում գտնվողներին, որոնք վիճաբանության մեջ մտան դատախազի հետ՝ ամոթանք տալով նրան. «Դուք պետք է այսօր կալանավորված լինեիք: Սերժ Սարգսյանն էր վերջերս թքում դատախազության երեսին»: «Պողոս Պողոսյանին սպանող Կուկուն նույնիսկ ամբաստանյալի աթոռին չնստեց, բայց անմեղ տղային մի տարի է՝ կալանավորել եք»,-զայրացած ասում էին ՀԱԿ ակտիվիստները: Ավելի քան երկու ժամ խորհրդակցելուց հետո դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը: Իսկ հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին:
Հ.Գ. Ի դեպ, երեկ առավոտյան ոստիկանություն բերման են ենթարկվել ՀԱԿ համակիրներ, «Հակահարված» նախաձեռնության անդամներ Արտակ Գեւորգյանն ու Թաթուլ Սարոյանը: Իսկ պատճառը եղել է այն, որ երիտասարդները ստորգետնյա անցումում ինչ-որ անձանց ծեծող ոստիկանների նկարներ են փակցրել: Ավելի ուշ նրանց ազատ են արձակել:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս