ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Բուլղարիա` մասնակցելու Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող տարածաշրջանային համաժողովին:
Միջոցառմանը մասնակցելու են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից: Համաժողովի ընթացքում կքննարկվեն վերարտադրողական և սեռական առողջության ներդրման ոլորտում առողջապահական բնույթի անհավասարությունների վերացման և կայուն զարգացման նպատակների հասանելիության, համընդհանուր առողջապահական ծածկույթի համատեքստում ինտեգրված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների ներդրման, առողջության խթանմանը և հիվանդությունների կանխարգելմանը վերաբերող հարցեր:
Մեր հանրապետությունում մարդու վերարտադրողական առողջությունը և դրա հետ կապված հարցերը դասվում են կառավարության գերակա խնդիրների և իրականացվող քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Ուստի շատ կարևոր է այս ոլորտում ուսումնասիրել համաշխարհային փորձը, մոտեցումներն ու ձեռքբերումները, մշակել համատեղ աշխատանքի ծրագրեր:
Եվրոպական տարածաշրջանի առողջապահության բնագավառի բարձրաստիճան ներկայացուցիչները համաժողովում կքննարկեն կարևորագույն այդ ոլորտի խնդիրները:
Համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից` Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ: