Ինչպես արդեն հայտնել էինք, սկսվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզարշավը: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից սատարվող թեկնածու Վահագն Գևորգյանն Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ և ներկակացրեց իր տեսլականը:
Նա ընդգծեց, թե առաջին հերթին ամեն ինչ պետք է արվի, որ ընտրություններն անցնեն առանց փոխադարձ վիրավորանքի և հայհոյանքի: «Դա իմ ոճը չէ, երբեք չիջնեք անձնական վիրավորանքի դաշտ», – նշեց Գևորգյանը:
Նա հայտարարեց, որ իրենց անհրաժեշտ են քաղաքակիրթ ընտրություններ, իսկ քաղաքին էլ աբովյանցիների բացարձակ քվե ստացած իշխանություններ:
«Ինձ սատարելու կոչեր են արել հանրապետության հեղինակավոր կուսակցությունները, հայտնի մարդիկ, սակայն դա ինձ համար պատասխանատվություն է, պահանջում է ավելի ջանք ու եռանդ: Ես պատրաստ եմ ստանձնել դա, ես չեմ կարող հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ: Ես հպարտանում եմ նրանով, որ աշխատել եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Ես ընկերական հարաբերություններ եմ պահպանում նաև ՀՀ-ում քաղաքական գործիչներից շատերի հետ», – հավելեց նա:
Նշենք, որ Վահագն Գևորգյանի կարգախոսն է «Քաղաքի հոգսերով յուրաքանչուրիդ կողքին»: