ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Է ԼԻՆԵԼ ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները բավական լուրջ ենթատեքստեր էին պարունակում: Նա առանց անուն տալու, բայց ուղիղ տեքստով վարչապետին մեղադրեց կոռուպցիայի դեմ պայքարում անգործություն ցուցաբերելու մեջ:
«Յուրաքանչյուր մարմին՝ կլինի օրենսդիր, գործադիր, պետք է բարեխղճորեն կատարի օրենքով իրեն վերապահված պարտականությունները եւ չսպասի, որ իրեն հանձնարարություն տան՝ իր գործողություններն իրականացնելու համար: Կարծում եմ, որ հանրապետության նախագահի հանձնարարականները շատ տեղին են»,-վարչապետին հասկացրեց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո, վարչապետը լրագրողների հետ զրույցում անկեղծացել էր, թե Սերժ Սարգսյանի քննադատությունն իրենք դիտում են որպես «քարտ-բլանշ, որը տրվել է կառավարությանը գնումների բնագավառում կարգուկանոն հաստատելու ու ավելի խիստ մոտեցումներ դրսեւորելու համար»: Ասել է թե՝ իրենք իմացել են տեղի ունեցողի մասին, բայց քանի դեռ «քարտ-բլանշ» չեն ունեցել, չեն պայքարել: Ու հիմա ԱԺ նախագահը, ըստ էության, վարչապետին հասկացրեց, որ պարզապես պետք էր ժամանակին բարեխղճորեն կատարել օրենքով վերապահված պարտականությունները, այլ ոչ թե սպասել «քարտ-բլանշի» կամ հանձնարարականի:
Սակայն Տ. Սարգսյանի հասցեին Հ. Աբրահամյանի ակնարկները երեկ այդքանով չսահմանափակվեցին: «Բոլորս գիտենք, որ Ազգային Ժողովում կոռուպցիա չի կարող լինել նաեւ տեսականորեն: Կոռուպցիան կարող է լինել գործադիր եւ տեղական իշխանություններում»,-մատնանշեց նա: Ճիշտ է, հետո լրագրողի հարցին, թե արդյոք այս հայտարարությունը չի նշանակում, որ ԱԺ նախագահը վարչապետին մեղադրում է կոռումպացված լինելու մեջ, Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Վարչապետը հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն է»: Սակայն հասկանալի է՝ ԱԺ նախագահից իր կուսակից վարչապետի հասցեին այլ պատասխան դժվար էր ակնկալել: «Ժողովուրդ»-ն էլ Հ. Աբրահամյանին հարցրեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ժամանակին եղել է Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, հետո՝ փոխվարչապետ, արդյոք սեփական փորձից ելնելով չի մատնանշում կոռուպցիայի գտնվելու վայրերը: «Այսքան ժամանակ չի եղել կոռուպցիոն գործընթաց, որ կապվի իմ անվան հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը միշտ էլ խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԱԺ նախագահի այս հայտարարություններին, մեզ հետ զրույցում ասաց, թե դրանք կառավարությանն ուղղված հակահարված չէին: Բայց մյուս կողմից նա, ըստ էության, համաձայնեց, որ գործադիրում կա կոռուպցիա. «Կոռուպցիան կա իշխանության ոլորտում, եւ չկա մի երկիր, որտեղ չկա կոռուպցիա: Անկախ նրանից, թե որտեղ է կոռուպցիան, պետական բոլոր մարմինները, իշխանությունները պետք է իրականացնեն քայլեր՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար»: Շարմազանովը, սակայն, չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ ԱԺ նախագահի հայտարարությունները ՀՀԿ-ում Հ. Աբրահամյանի ու Տ. Սարգսյանի թեւերի միջեւ պայքարի արտացոլումն են: Ըստ նրա՝ ՀՀԿ-ում չկա որեւէ թեւ:

ԵՐԱԶՆԵ՜Ր, ԵՐԱԶՆԵ՜Ր ԻՄ ԱՆՆՄԱՆ

Երեկվա ասուլիսում Հովիկ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունները միայն այսքանով չսահմանափակվեցին: Խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին՝ նա չբացառեց, որ ԲՀԿ-ն սատարի Ս. Սարգսյանին, որ առաջիկայում կոալիցիոն նոր հուշագիր կնքվի. «Իմ ցանկությունն է, որպեսզի նախագահական ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն աջակցի Ս. Սարգսյանի թեկնածությունը։ Դա իմ ցանկությունն է, իսկ որոշելիքն՝ իրենցն է»: Ավելին, նա ասաց, թե իր կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը նախագահի ընտրություններում չի առաջադրվի: Իսկ թե ինչու է Հ. Աբրահամյանն այդպես մտածում, չմանրամասնեց: «Դա որոշում է Գ. Ծառուկյանը, եւ այդ հարցն ուղղե՛ք իրեն: Դա իր անձնական գործն է»,-ասաց նա՝ մյուս կողմից քաղաքականության մեջ չբացառելով ոչինչ:
Նկատենք, որ որքան ՀՀԿ-ն խոսում է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին, այնքան ջերմացում է նկատվում ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններում: Հ. Աբրահամյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասաց, թե ՀՀԿ-ին ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների ջերմացումը չի վախեցնում: «Ինձ քիչ է հուզում քաղաքական այլ ուժերի միջեւ համագործակցությունը, այդ թվում՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի»,-նշեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս