ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցից վերադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն ինքնաթիռով: Նա այդ մասին հայտնել է երեկ` լրագրողների հետ հանդիպմանը: «Վերադառնալիս պատվիրակության հետ միասին նստած էինք ինքնաթիռում, եւ ներս մտավ պարոն Քոչարյանը:Արտակ Զաքարյանն իր տեղը զիջեց, Քոչարյանը նստեց: Զրույց ունեցել ենք, սակայն ընդհանրապես քաղաքական ձեւաչափի հետ կապ չի ունեցել»,-հավատացրել է  ԱԺ նախագահը: Նկատենք, որ երեկ Աբրահամյանի հրավիրած ասուլիսի իրական նպատակը, կարծես, հենց այս նապադասության հրապարակումն է, որպեսզի ապացուցի իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին:

ԿԱՐԻ՛ ԲԵՐԱՆԴ
Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երեկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ դատապարտելով ԱՆ Հրայր Թովմասյանի այն հայտարարությունը, թե ՔԿՀ-ներում դատապարտյալների ինքնախեղումները սովորական երեւույթ են: Ակցիայի մասնակիցները թել ու ասեղ են հանձնել ՀՀ արդարադատության նախարարին եւ կից նամակով նրան հրավիրել «կարուձեւի դասընթացի»։ «Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, Ձեզ համար նախատեսված կարուձեւի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ Դուք կարեք Ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով»,-մասնավորապես ասված է նամակում:

ՍԿՍՎԵՑ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն առաջարկել է տեղափոխվել նախագահական նստավայրից պետական գրասենյակ, որտեղ աշխատում է կառավարությունը։ «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` կառավարության այսօրվա նիստի ժամանակ Իվանիշվիլին իր առաջարկը հիմնավորել է նախագահի աշխատակազմի ծախսերը առավելագույնս կրճատելու ձգտմամբ։ «Միայն էլեկտրաէներգիայի վրա նախագահը ծախսում է 800 հազար լարի (մոտ 490 հազար դոլար), իսկ պետբյուջեն մտադիր չէ ստանձնել նման ծախսեր»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը։

ԲԱՆՈՒԳՈՐԾ ՉՈՒՆԵՆ
Ավարտվել է «Վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարը, որն անց էր կացվում պետական գերատեսչությունների միջեւ: Այս տարի եզրափակիչում հանդիպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության թիմերը: 5:0 հաշվով հաղթել է ՊՆ-ն: Փաստորեն, մինչ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները շատանում են, մեր պետական գերատեսչությունները «գնդակ են տշում»:

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՀՎԱԾՔ
Նախօրեին ՊՆ քննչական վարչությունում տեղի է ունեցել հերթական միջադեպը խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինվորների մայրերի եւ ՀՀ ՊՆ քննչական վարչության պաշտոնյաների միջեւ: Epress.am-ի փոխանցմամբ՝ իրավիճակն այնքան է լարվել, որ ՀՀ զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը քաշքշել է նրանց, վիրավորել, իսկ նրանցից Իրինա Ղազարյանին՝ զոհված Արթուր Ղազարյանի մորը, անվանել է «պոռնիկ»:

ԻՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ
Երեկ 2013թ. բյուջեի նախագծով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված գումարների մասին իր զեկույցը նախարար Հրաչյա Ռոստոմյանը ստիպված է եղել կարդալ ԱԺ գրեթե դատարկ դահլիճում: Պատգամավորներից ներկա է եղել միայն Խոսրով Հարությունյանը: Իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը զեկույցի ողջ ընթացքում անխռով զրուցել է Գագիկ Մինասյանի հետ:

ՆՈՐ ՕՋԱ՞Խ
Ըստ շրջանառվող  լուրերի՝ Տավուշի մարզում գրանցվել է սիբիրախտի դեպք: Անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային ծառայության ղեկավար Վասիլ Աբրահամյանն այս կապակցությամբ ասել է, որ Իջեւան քաղաքում խոշոր եղջերավոր մի անասուն համարվել է «սիբիրախտով հիվանդ լինելու մեջ կասկածելի»: Այդ անասունի մսեղիքը ոչնչացվել է, դրանից փորձանմուշներ ուղարկվել են Երեւան, իսկ գոմը, որտեղ պահվել է անասունը, վարակազերծվել է:

ՆՈՐԻՑ ՀՈՎԻԿԸ

2013թ. նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ մասին երեկ ՝ՀՀԿ ԳՄ նիստից հետո, հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրել, որ Հ. Աբրահամյանի թեկնածությունն առաջարկել է Ս. Սարգսյանը, եւ որոշումն ընդունվել է միաձայն:




Լրահոս