ՖԻՐԴՈՒՍՆ ՈՒ ԹԱՄԱՐԸ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի եւ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի դատական վեճը հասել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան. երկրորդ ատյանում Թ. Պողոսյանը շարունակելու է պնդել, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ինքը չի վիրավորել եւ զրպարտել Ֆիրդուս Զաքարյանին: Մինչդեռ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ, այնուամենայնիվ, արատավորվել է Ֆ. Զաքարյանի պատիվն ու արժանապատվությունը եւ պարտավորեցրել Թ. Պողոսյանին 100 000 դրամ փոխհատուցել վնաս կրած կողմին:
Ֆ. Զաքարյանը դիմել է դատարան՝ նշելով, որ պատասխանողը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին տնօրեն Թ. Պողոսյանը, պետք է նույն լրատվամիջոցով հերքի իրեն արատավորող տեղեկությունները եւ զրպարտության համար վճարի 2 մլն դրամի փոխհատուցում: Հայցի համար հիմք է եղել Թ. Պողոսյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին 07.04.2011թ. տված հարցազրույցը, որտեղ նա նշել է, թե իբր ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանի աշխատասենյակում վերջինս առաջարկել է իրեն շատ արագ ձեւով ստորագրել պայմանագրեր, որոնց համաձայն` համաժողովի կազմակերպման գործառույթները «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը պետք է փոխանցեր «Գոռ եւ Սուրեն» ՍՊԸ-ին: Մեջբերում ենք հարցազրույցից. «Աշխատակազմի ղեկավարի կաբինետում էինք նստած, ասեց. «Տիկի՛ն Պողոսյան, հիմա խնդրում ենք՝ այս երկու պայմանագիրը ստորագրե՛ք», ասում եմ՝ ի՞նչ երկու պայմանագիր է սա, ասեց. «Տիկի՛ն Պողոսյան, հաշվի առնելով, որ ժամանակը շատ կարճ է եղել, Դուք էլ շատ զբաղված եք, մենք արդեն այդ ծրագրի կատարումը, համաժողովի նախապատրաստական աշխատանքների կատարումը հանձնարարել ենք, եւ մի ուրիշ կազմակերպություն է արել: Ձեզ էլ ոչինչ չի մնում անելու: Հիմա այս պայմանագիրը ստորագրե՛ք, որ այս պայմանագրով Ձեր գործառույթները, այս հանձնաժողովի կազմակերպումը փոխանցեք այդ երրորդ կազմակերպությանը»: Ասի` շատ կներեք, Դուք հասկանո՞ւմ եք՝ ինձ ինչ եք առաջարկում, սա փողեր լվանալու դասական մեխանիզմ է: Ես կառավարության որոշման պատասխանատուն եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ կառավարության որոշումը չկատարեմ, ես հիմնավորում էլ չունեմ՝ ես ինչու չպիտի կատարեմ, եթե ժամանակին անձը տեղյակ լիներ, կա՛մ կասեի կատարում եմ, կա՛մ չեմ կատարում»:
Ի վերջո, ըստ պատասխանողի՝ ինքը ստորագրել է այնպիսի պայմանագրեր, որոնցով հիմնադրամն իրականացնում է հանձնաժողովի նախապատրաստական միայն այն աշխատանքները, որոնք դեռ չէին իրականացվել վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից: Հայցվորը դա զրպարտություն է համարել եւ նշել, որ ինքը պատասխանողին չի խնդրել ստորագրել 2 պայմանագիր, խոսքը վերաբերել է միայն ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի միջեւ 22.04.2010թ. կնքված դրամաշնորհի տրամադրման պայմանագրին: Հայցվորը պատասխանողին չի ասել, որ ժամանակի սղության պատճառով համաժողովի նախապատրաստական աշխատանքների կատարումն արդեն հանձնարարվել է մեկ այլ կազմակերպության, որը դրանք կատարել է: Հայցվորը չի առաջարկել ստորագրել որեւէ պայմանագիր, որով համաժողովի կազմակերպման աշխատանքները փոխանցվեն որեւէ երրորդ կազմակերպության: Պատասխանողը հայցվորի աշխատասենյակում չի հնչեցրել պատասխանողի՝  հարցազրույցում ներկայացրած այն միտքը, թե իբր դա փողեր լվանալու դասական մեխանիզմ է: Այսինքն՝ հայցվորի կարծիքով՝ պատասխանողն իրեն ներկայացրել է որպես փողեր լվացող, լվանալ առաջարկող անձնավորություն եւ դրանով փորձել արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը, նաեւ՝ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը:
Ըստ դատական ակտի՝ Թ. Պողոսյանն իր պատասխանում նշել է, որ եռօրյա բուռն քննարկումից եւ հիմնավորումներից հետո, գիտակցելով հիմնադրամի եւ իր պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի կատարման համար հրաժարվելով 2-րդ` «Գոռ եւ Սուրեն» ՍՊԸ-ի հետ պայմանագրի ստորագրումից, նախարարության հետ 22.04.2010թ. կնքվել է նոր` դրամաշնորհի տրամադրման պայմանագիրը, որի նախագիծը մշակել էր հիմնադրամը: Թ. Պողոսյանը նաեւ նշել էր, որ ինքը գործարքին վերաբերող կարծիք է հայտնել, դատողություն արել, որն անձի դեմ չի ուղղել, իսկ Ֆ. Զաքարյանի հեղինակությունն արժեք է, կապիտալ, ինչպես եւ իրենը: Ավելին, ռադիոկայանին տրված հարցազրույցում ինքը հայտնել է. «Շատ կներեք, Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք առաջարկում: Սա փողեր լվանալու դասական մեխանիզմ է», մինչդեռ լրագրողն այդ արտահայտությունը եթերում մեկնաբանել է. «Թամարա Պողոսյանի խոսքերով համահայկական համաժողովի անցկացման մեխանիզմը ոչ այլ ինչ է, քան փողեր լվանալու դասական մեխանիզմ»: Այսինքն` լրագրողը Թ. Պողոսյանի արտահայտությունը ներկայացրել է յուրովի, այլ մեկնաբանությամբ, որի արդյունքում ստացվել է այլ բովանդակություն: Հետեւաբար, եթե հրապարակված նյութի մեջ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու միտք է ներկայացվել, ապա այն լրագրողի մեկնաբանությունն է: Սակայն պատասխանողի՝ այս եւ մյուս մեկնաբանությունները չեն համոզել դատարանին, եւ վճիռը կայացվել է հօգուտ Ֆ. Զաքարյանի՝ հերքման համապատասխան տեքստով:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս