«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ կապված քրեական գործով տուժողներից մեկն էլ հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն է: Կոոպերատիվի ներկայացուցիչները նրա հետ եւս կնքել են անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական եւ նախավճարի պայմանագիր, սակայն հետո պարզվել է, որ Գայանեին մի քանի տասնյակ բախտակիցների նման չեն ուզում «Նորաշեն»-ից բնակարան տալ:
Նշենք, որ քրգործով ամբաստանյալները 6 հոգի են: Ըստ մեղադրանքի՝ «Նորաշեն 2007» կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը պայմանավորվել եւ նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել են բնակարանների նախնական եւ նախավճարի պայմանագրեր, գանձել են 1.843.379.449 դրամ գումար եւ հափշտակել: Սակայն հետագայում նրանց հատկացվելիք բնակարանները Արմենն ու Լուսաբեկը իրացրել են այլ անձանց, իսկ Ցոլակ Պետրոսյանը կազմակերպել ու ղեկավարել է Ա. Թադեւոսյանի եւ Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը: Արտակ Մարտիրոսյանը եւս մեղադրվում է խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու, ինչպես նաեւ վաշխառությամբ զբաղվելու եւ անձանց նյութական ծանր վիճակում դնելու մեջ: Վարդան Օհանյանը եւ Դավիթ Երեմյանը եւս, ըստ մեղադրանքի, զբաղվել են վաշխառությամբ եւ անձանց գցել նյութական ծանր կացության մեջ: Տուժածների մի մասը, այդ թվում՝ Գայանե Ասլամազյանը, քրգործին զուգահեռ քաղհայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու եւ բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Գ. Ասլամազյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը:
Այս ամենին հավելենք նաեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հասցեով Արմեն Թադեւոսյանի անունից ստացված եւ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, որտեղ նամակագիրը նշել է, որ իրենք էլ են տուժող, քանի որ քրգործի քննությունը եղել է կոպիտ խախտումներով, ուստի դրա վարույթը պետք է կասեցնել, եթե կա դրա ընթացքը խոչընդոտող անհաղթահարելի ուժ՝ պաշտոնյաներ, ազդեցիկ անձինք: Ա. Թադեւոսյանը նշել է. «Արդարադատությունը խեղաթյուրողներն են՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նրա ամուսին, ՊԵԿ-ի ՏՀՏ Դավիթ Բեգլարյանը, ՊՆ աշխատակից Վիտալի Մանուչարյանը, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Վայոց ձորի մարզի ԱԱԾ վարչության պետ Գագիկ Առաքելյանը, ԲՀԿ-ի նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ՊՆ աշխատակից, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանը, «Էսկո» կոնցեռնի նախագահ Սարգիս Աղաբեկյանը եւ ուրիշներ: Մեծարգո՛ նախագահ, իմ եւ բնակիչների խնդրանքն է Ձեզ, որ օգնեք մեզ` վերադարձնեն մեզանից խլած գույքը, որը որպես գրավ գտնվում է վերը նշված մարդկանց մոտ… Եւ միայն այդ դեպքում չի լինի ոչ մի տուժող…»:
Ո՞ՒՐ Է ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ